loader

«Ազատ խոսք». Կեղծ և իրական ընդդիմության մասին

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք կեղծ և իրական ընդդիմության մասին: Նիկոլ Փաշինյանը Աստանայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե մեր քաղաքական համակարգի համար ամենաքայքայիչ բանը եղել է կեղծ ընդդիմության ստեղծումը, ինչը տեղի է ունեցել 1998թ. հետո, և ավելացրել է, որ իրենք այդ ճանապարհով չեն գնալու: Ու հիմա քաղաքագետները գլուխ են ջարդում՝ փորձելով հասկանալ, թե ում մասին էր ակնարկը: Բայց մեզ այլ հարց է հետաքրքրում: Որպես կանոն՝ կեղծ ընդդիմություն փորձում են ստեղծել այն իշխանությունները, որոնք իրենք կեղծ են: Այսինքն՝ ունեցել են հասարակության առավելագույնը մի 20-25 տոկոսի աջակցությունը, բայց ընտրություններ կեղծելով ու այլ հանցավոր մեխանիզմներով հասել են իշխանության: Եվ միշտ մտավախություն են ունեցել, որ քաղաքական դաշտում կձևավորվի իրական ընդդիմադիր ուժ, որի ետևից էլ կգնա ժողովրդի 75-80 տոկոսը: Ու որպեսզի դա տեղի չունենա, թաքուն աջակցել են կեղծ ընդդիմադիր ուժերին, որպեսզի նրանց միջոցով թյուրիմացության մեջ գցեն ու պառակտեն այդ 75-80 տոկոսին:

Այդպես վարվել են և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և իմիջիայլոց, լուրջ հաջողությունների են հասել, որովհետև վճռական պահերին Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը և էլի շատ իբր արմատական ընդդիմադիրներ իրենց համակիրներին տարել են իշխանությունների կողմը: Իսկ ահա Նիկոլ Փաշինյանին դա պետք չէ: Առայժմ, որովհետև նրա իշխանությունը կեղծ չէ և հենված է հասարակական աջակցության վրա: Առայժմ: Իսկ եթե իշխանություն իսկական է, ընդդիմությունը նույնպես պիտի իսկական լինի, որովհետև ունենալ կեղծ ընդդիմություն՝ նշանակում է ընդհանրապես ընդդիմություն չունենալ: Իսկ դա շատ վտանգավոր է ցանկացած պետության համար, որովհետև բացարձակ իշխանությունը փչացնում է նույնիսկ ամենաուժեղ անհատներին: Բայց տեսեք, թե ինչ է տեղի ունենում:

Հիմա, այս պահին Նիկոլ Փաշինյանին կեղծ ընդդիմություն պետք չէ, ու ինքը ասում է, որ այդ ճանապարհով չի գնալու: Բայց քաղաքական ուժերը կարծես թե առանձնապես չեն հավատում նրան ու ենթադրում են, որ հիմա պետք չէ, բայց մեկ-երկու տարի հետո, երբ նրա վարկանիշն անխուսափելիորեն կընկնի, այդ ժամանակ իրական ընդդիմության ձևավորման վտանգ կառաջանա, ու գուցե Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ օգտվի իրենց ծառայություններից: Եվ արդեն հիմիկվանից իրենց ծառայություններն են առաջարկում: Ասում են՝ մենք ամբողջովին կիսում ենք թավշյա հեղափոխության գաղափարներն ու նպատակները, բայց ապագա խորհրդարանում որպես ընդդիմություն ենք աշխատելու: Այսինքն՝ հայտարարում են, որ պատրաստ են լինել կեղծ ընդդիմություն: Մտածում են, որ ոնց էլ լինի, եթե Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին այդ «ինստիտուտը» պետք էր, գուցե Նիկոլ Փաշինյանին էլ պետք լինի: Չի բացառվում, որ ինչ-որ պահի դա իսկապես պետք լինի Նիկոլ Փաշինյանին: Բայց պետությանը հաստատ պետք կլինի ոչ թե կեղծ, այլ իրական ընդդիմություն: Անկախ նրանից՝ դա կձևավորվի խորհրդարանո՞ւմ, թե՞ խորհրդարանից դուրս:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս