loader

«Ազատ խոսք». Քոչարյանի խափանման միջոցը՝ լուրջ մարտահրավեր

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք հայկական արդարադատության երկակի ստանդարտների և Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությամբ դատական նիստն, ինչպես հայտնի է, տեղի կունենա վաղը, բայց անգամ տոնական օրերին այս հարցը շարունակում էր մնալ հասարակության ուշադրության կենտրոնում:

Մի կողմից՝ մտահոգություններ էին հնչում, թե կարող է հանկարծ անցած անգամվա պես Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեն, մյուս կողմից էլ՝ հակառակը, կարծիքներ էին հնչում, թե Քոչարյանին կալանքի տակ պահելը նշանակում է բացահայտ պատերազմ հայտարարել Ռուսաստանին ու անձամբ Պուտինին, և դա մեզ չի ներվելու, հետևաբար՝ արդարադատություն իրականացնելիս պետք է կարևորել նաև այդ գործոնը: Զուգահեռաբար տեսակետներ էին հնչում նաև, թե Քոչարյանի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում, և փորձ է արվում ամբողջովին սևացնել նրա անցած քաղաքական ուղին, ինչն անթույլատրելի է:

Իհարկե, պետության նախկին ղեկավարին, նախկին նախագահին ամբաստանյալի աթոռին տեսնելը որևէ մեկի համար հաճելի չէ, ու այնպես էլ չէ, որ Քոչարյանի օրոք միայն վատ բաներ են տեղի ունցել: Օրինակ՝ նրա օրոք իրականացվել է Սևանի բարձրացման ծրագիրը, ինչը լրջագույն հաջողություն էր: Բայց նաև այնպես չէ, որ եթե ինչ-որ մեկը և՛ լավ, և՛ վատ գործեր է արել, պետք է դրանք կշեռքի նժարների վրա դնել, ու եթե լավը ավելի շատ է, պետք է վատերի համար պատասխանատվության չենթարկել: Դա նույնն է, թե, օրինակ՝ 5 հոգու կյանք փրկած բժիշկը 3 հոգու սպանի ու դրա համար պատասխանատվության չենթարկվի, որովհետև փրկած կյանքներն ավելի շատ են:

Ինչևէ: Կոնկրետ Քոչարյանի դեպքում հարցը իրավական հարթությունում է, և դատարանը, կարծում ենք, հաշվի կառնի բոլոր հանգամանքները: Բայց խնդիրը միայն սա չէ: Խնդիրը նաև հարցի հասարակական ընկալումն է: Ի վերջո, ի՞նչ ենք մենք ակնկալում մեր դատաիրավական համակարգից: Մենք ակնկալում ենք, որ մեր դատաիրավական համակարգը պիտի հաշվի առնի նաև հարցի միջազգային հնչեղությունը, միջազգային արձագանքները և այլն (տվյալ դեպքում՝ Ռուսաստանի նախագահի շնորհավորանքը Քոչարյանին): Սա շատ նուրբ հարց է: Որովհետև այո, միջազգային արձագանքներն ու հետևանքները շատ կարևոր են, բայց եթե առաջնորդվենք միայն դրանով, կստացվի, որ Հայաստանում արդարադատությունն իրականացվում է դրսից, տվյալ դեպքում՝ Ռուսաստանից: Այսինքն՝ կստացվի, որ Մոսկվայում են որոշում, թե Հայաստանում ով պիտի նստի և ով մնա ազատության մեջ:

Սա իր հերթին նշանակում է բացարձակ անվստահություն մեր դատաիրավական համակարգի նկատմամբ, այսինքն՝ նաև մեր պետության նկատմամբ ընդհանրապես: Այլ կերպ ասած, եթե Քոչարյանին կալանավորելով մենք անուղղակիորեն վիրավորում ենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ մեզ է վիրավորում՝ անուղղակիորեն պահանջելով ազատ արձակել նրան: Իսկ դաշնակիցների միջև նման հարաբերությունները ցանկալի չեն, ու պետք է շուտափույթ ինչ-որ հանգուցալուծում գտնել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս