loader

«Ազատ խոսք». Կոռուպցիայի դեմ պայքարը՝ սիրո և համերաշխության մթնոլորտում

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք կոռուպցիայի դեմ պայքարի առանձնահատկությունների մասին:

ԱԱԾ նորանշանակ պետ Արթուր Վանեցյանը հանդիպել է լրատվամիջոցների ղեկավարների հետ ու հայտարարել, թե կոռուպցիոն սխեմաներ են բացահայտվել, շատ շուտով կոռուպցիոն սխեմաներով ապօրինի հարստացածները կպատժվեն: 

Միաժամանակ նա հայտարարել է, թե իր նպատակը ոչ թե այդ մարդկանց բանտ նստեցնելն է, այլ պետությունից գողացված գումարները վերադարձնելը:

Այնպես որ, մի քանի օր մնաց: ԱԱԾ պետը Մոսկվայից կվերադառնա, և կսկսվի կոռուպցիայի դեմ պայքարը: Սիրո և համերաշխության մթնոլորտում: Եվ դա իսկապես լավ է: Այսպիսի հայտնի պատմություն կա: 1917թ. հեղափոխությունից հետո մի քանի բոլշևիներ մտնում են մի ծեր արիստոկրատ կնոջ սենյակը ու սկսում հավաքել արծաթեղենը, ու բացատրում են, որ իրենք հեղափոխականներ են և չեն ուզում, որ երկրում հարուստներ լինեն: «Ա՜, հեղափոխություն, հիշում եմ, հիշում եմ», ասում է այդ կինը, «պապս էլ էր հեղափոխական, դեկաբրիստ էր: Միայն թե նրանք ուզում էին, որ երկրում աղքատներ չլինեն»: Այնպես որ՝ ընդհանուր մոտեցումը ճիշտ է:

Միայն թե՝ ԱԱԾ նոր պետը իր ելույթով միանգամից մի քանի կոպիտ սխալ է թույլ տվել: Նախ՝ կոնկրետ թիվ է հրապարակել: Հայտարարել է, թե 350 դեպք կա, երբ ուրիշի անձնագրերով բիզնեսներ են գրանցել, ու այդ մարդիկ տեղյակ էլ չեն, որ իրենք գործարարներ են, և այդ դեպքերը պետք է բացահայտվեն: Իսկ ինչո՞ւ է սա սխալ: Որովհետև պիտի բացահայտվեն բոլոր 350 դեպքերը: Եթե, ասենք, 348-ը բացահայտվի, 2-ը՝ չբացահայտվի՝ կասկածներ են առաջանալու, թե ինչո՞ւ է այդպես, գուցե այն երկուսն ինչ-որ ձևով լեզո՞ւ են գտել իրավապահների հետ:

Երկրորդ: Այդ 350 դեպքերը, հասկանալի է, միանգամից չեն բացահայտվելու, այլ հերթով, կամաց-կամաց: Իսկ ինչպե՞ս պիտի պահեն իրենց այն ապօրինի հարստացածները, ովքեր գիտեն, որ իրենց հերթը դեռ չի հասել, բայց իրենք ցուցակում են: Իհարկե պիտի հետքերը թաքցնեն, ունեցած-չունեցածները հավաքեն և հեռանան երկրից: Այսինքն՝ այս հրապարակային հայտարարությունը կարող է հանգեցնել կապիտալի արտահոսքի:

Եվ երրորդ կոպիտ սխալը: Եթե Հայաստանն իրավական պետություն է, ուրեմն ԱԱԾ պետը չպիտի որոշի՝ ապօրինի հարստացածները պիտի բանտերո՞ւմ հայտնվեն, թե՞ ընդամենը գողացած գումարները վերադարձնեն, և վերջ: Դա պիտի որոշի դատարանը: Իսկ եթե ԱԱԾ պետը մտադիր է գործերը դատարան չհասցնել, այլ մարդկանց կանչել, փաստերը դեմ տալ և պահանջել վերադարձնել գումարները, ապա սա արդեն լրջագույն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Մի խոսքով՝ պետությունից միլիոններ գողացածները պիտի պատասխանատվություն կրեն օրենքի առաջ:
Խնդիրը վրեժ լուծելը չէ, խնդիրն այն է, որ այդ մարդիկ պիտի խստորե՛ն պատժվեն, որպեսզի հետագայում ուրիշները չգնան այդ ճանապարհով: Ի՞նչ եք կարծում, եթե տրանսպորտում գրպանահատությամբ զբաղվողներից ընդամենը վերցնեն գողացած դրամապանակը, իսկ իրեն սիրալիր ձևով ազատ արձակեն, դրանից գողացողների թիվը կավելանա՞, թե՞ կպակասի:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս