loader

«Ազատ խոսք». «Քուչեքում» բանակցողների լյուստրացիան 

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի բուռն մեկնարկի մասին: Ընտրությունների հիմնական ինտրիգը, հասկանալի է, «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանն է, որը, շատերի կարծիքով, այնքան էլ չի համապատասխանում Երևանի քաղաքապետերի պաշտոնին: Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ առաջիկա ընտրություններում շատ ավելի կարևոր հարց է լուծվելու, քան միայն Երևանի քաղաքապետի հարցն է:

Վարչապետ Փաշինյանի ելույթից ստացվում է, որ Հայկ Մարությանի օգտին պիտի քվեարկեն ոչ թե նրանք, ովքեր երազում են նրան տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում, այլ նրանք, ովքեր չեն ուզում խորհրդարանում այդքան շատ հանրապետական տեսնել: Ընդ որում՝ զուտ քարոզչական տեխնոլոգիաների տեսանկյունից այս մոտեցումը լիովին արդարացված է: Ի վերջո, իշխանական լծակներից ՀՀԿ-ին վերջնականապես մեկուսացված տեսնել ցանկացողները շատ ավելի մեծաթիվ են, քան Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում տեսնել ցանկացողները: Բայց նույն հանրահավաքում վարչապետ Փաշինյանի ունեցած ելույթի մյուս հատվածը շատ ավելի հետաքրքիր էր: Նա, առանց կոնկրետ անուններ տալու, մրցակից քաղաքական ուժերին մեղադրեց ՀՀԿ-ի հետ ստվերային պայմանավորվածությունների փորձերի մեջ: Թե ո՞ւմ էր ուղղված վարչապետի խոսքն, իհարկե, տարբեր ենթադրություններ եղան: Տեսակետներ հնչեցին, թե հասցեատերը կարող է լինել, ԲՀԿ-ն կամ անգամ Դաշնակցությունը:

Բայց հատկապես «քուչեքում բանակցելու» մասին ակնարկը շատ թափանցիկ էր: Բանն այն է, որ «Ելք» դաշինքը նույն օրը հանդիպել էր, այսպես ասենք, թաղային ակտիվիստների հետ (իսկ մենք գիտենք, որ տարիներ շարունակ հենց թաղային հեղինակություններն էին լծված ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու գործին), և այդ հանդիպման ընթացքում կոչ էին արել աջակցել իրենց և պատահական չէ, որ Փաշինյանի այդ կշտամբանքից հետո հենց «Ելք» դաշինքի անդամները սկսեցին ակտիվորեն արդարանալ:

Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, թե վերջին անգամ ե՞րբ և ո՞ւմ հետ է եղել ռեստորանում, իսկ Արամ Սարգսյանը հայտարարեց, թե քաղաքական ուժերի միջև տարբեր խորհրդակցությունները մահացու մեղք չեն: Այսինքն՝ նրանք հասկացել էին, որ ակնարկն իրեն է ուղղված: Ամեն դեպքում՝ վարչապետ Փաշինյանը հանրահավաքային իր ելույթում նաև հստակ ուղերձ հղեց, որ ինքը հետևում է քաղաքական բոլոր ուժերին և լավ գիտի, թե ով ում հետ ինչ թաքուն բանակցություններ է վարում: Ինչպես Ջորջ Օրուելի հանրահայտ «1984» վեպում: Հիշո՞ւմ եք, «Մեծ եղբայրը հետևում է ձեզ»: Վեպում նկարագրված այդ երկրում, ի դեպ, նաև Սիրո նախարարություն կար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս