loader
«Ազատ խոսք». «Կուլակաթափության» լույսն ու ստվերը

«Ազատ խոսք». «Կուլակաթափության» լույսն ու ստվերը

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք ապօրինի հարստացման և դրա դեմ պայքարի առաջարկվող մեխանիզմների մասին: Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ինչպես հայտնի է, պետությանն է նվիրել 18,5 միլիոն դոլար: Ինքնակամ և անատույց: Սա տարօրինակ է այնքանով, որ Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանները հայտարարում են, թե նա իր մեղքը չի ընդունում: Այսինքն՝ չի ընդունում, որ այդ գումարները ձեռք է բերել անօրինական ճանապարհով, բայց նվիրում է պետությանը:

Սա հիշեցնում է դատարանում երկու հարևանների վեճը, երբ մեկը մյուսին ասում է. «Նախ և առաջ՝ ես քեզանից ոչ մի կճուճ էլ պարտքով չեմ վերցրել, երկրորդ, երբ վերցնում էի, այն արդեն ջարդված էր, և երրորդ՝ ես կճուճը վերադարձրել եմ նորմալ վիճակում»: Ինչևէ: Եթե Ալեքսանդր Սարգսյանի այս պահվածքը բավականին զվարճացրեց հասարակությանը, ապա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությունները լուրջ մտահոգություններ առաջացրեցին գործարար շրջանակներում:

Նա հայտարարեց, որ մեծահարուստները պիտի հայտարարագրեն իրենց ունեցվածքը և հիմնավորեն դրա ծագումնաբանությունը: Ու քանի որ չեն կարողանա հիմնավորել իրենց ունեցվածքի մոտ 70 տոկոսի ծագումնաբանությունը, այդ 70 տոկոսը պիտի տան պետությանը: Այս հայտարարությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել, որովհետև դրա հեղինակը իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ընդ որում՝ ոչ շարքային ներկայացուցիչ, իշխանություններն էլ առայժմ պաշտոնապես չեն արձագանքել դրան, այսինքն՝ չեն հերքել կամ պարզաբանումներ չեն ներկայացրել: Ու հիմա արդեն մտահոգություններ են հնչում, որ եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրականացնի այս ծրագիրը (բնականաբար, նախապես օրենսդրական հիմքեր ստեղծելով), ապա Հայաստանից կապիտալի արտահոսք կսկսվի:

Հասկանալի է՝ ո՞վ կցանկանա զրկվել իր ունեցվածքի 70 տոկոսից: Առավել ևս, որ այսօրվա մեծահարուստներից շատերն այնքան էլ մեղավոր չեն, որ չեն կարող փաստաթղթերով հիմնավորել իրենց ունեցվածքի օրինականությունը: Տասնամյակներ շարունակ Հայաստանում խաղի կանոններն այդպիսին էին. պետք էր վերևներին կաշառք տալ, պետք էր թաքցնել հարկերը ու այդ գումարների մի մասը փոխանցել իշխանությունների «սև դրամարկղին», և այլն:

Գործարարներից շատերն էլ պիտի կամ ընդունեին խաղի այդ կանոնները, կամ պարզապես բիզնեսով չզբաղվեին ու հեռանային Հայաստանից: Բայց մյուս կողմից էլ, եթե հիմա, այսպես ասենք, տնտեսական համաներում հայտարարվի, ու իշխանությունները որոշեն, որ «լավ, մինչև հիմա ինչ եղել՝ եղել է, սրանից հետո նորմալ ենք աշխատելու», այդ դեպքում գայթակղություն կառաջանա, որ նորերը ապօրինի հարստանան: Վստահ լինելով, որ հետագայում իրենց նկատմամբ նույնպես համաներում կկիրառվի: Այնպես որ իրականում սա շատ նուրբ և շատ բարդ հարց է: Եվ իշխանություններից ոսկերչական ճշգրտություն է պահանջում: Հակառակ դեպքում հետևանքները շատ ծանր կլինեն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս