loader

«Ազատ խոսք». Մարտի 1-ին էլ բանա՞կն է «անզգույշ քաշքշել»

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք մարտի 1-ի բացահայտման և Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու հեռանկարների մասին: Տարիներ շարունակ Հայաստանում գրեթե բոլորը միաբերան հայտարարում էին, որ մարտի 1-ի լիարժեք բացահայտումը հնարավոր է միայն իշխանափոխությունից հետո: Հիմա այդ իշխանափոխությունը տեղի է ունեցել, և բոլորն անհամբեր սպասում են, թե երբ են Ռոբերտ Քոչարյանին տեսնելու մեղադրյալի աթոռին: Ընդ որում՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն արդեն իսկ ներգրավված է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: Իսկ Ռոբերտ Քոչարյանն առայժմ հարցաքննության է կանչվել վկայի կարգավիճակով:

Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողմոնյանն էլ հայտարարում է, թե իրենց գրասենյակը ՀՔԾ-ի հետ կքննարկի, թե երբ և որտեղ է «շեֆը» պատասխանելու հարցերին: Կարելի է կարծել, թե խոսքը ինչ-որ բանակցությունների մասին է, որը կարող է տեղի ունենալ, ասենք, Մալդիվյան կղզիներում՝ կոկտեյլի սեղանի շուրջ, կամ շվեյցարական Ալպերում՝ լեռնային չքնաղ բնապատկերների ֆոնին: Իրականում խոսքը սովորական հարցաքննության մասին է, որի ընթացքում առանցքային վկաներից մեկը պիտի պատմի ծանրագույն հանցագործությանն իր հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցերին:

Ընդ որում՝ մի իրավիճակ, երբ բոլորը, առանց բացառության, վստահ են, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե այդ հանցագորության առանցքային վկաներից մեկն է, այլ գլխավոր կազմակերպիչը: Ինչևէ: Փաստն այն է, որ ժամանակին ինքն իրեն «միակ տղամարդ» անվանող Ռոբերտ Քոչարյանն այսօր Հայաստանում չէ, ու երբևե կվերադառնա, թե ոչ՝ այս պահին դժվար է ասել: Չնայած՝ երևի կվերադառնա, որովհետև «Ինտերպոլը» ցանկության դեպքում լավ է աշխատում: Իսկ առայժմ նրա փոխարեն հարցերին պատասխանում է գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Ու հայտարարում է, թե երկրորդ նախագահն ամեն ինչ արել է Սահմանադրության շրջանակներում, բոլորին ճիշտ-ճիշտ հրահանգներ է տվել, բայց հնարավոր է՝ այդ հրահանգները լավ չեն կատարվել:

Համենայն դեպս, իմաստը սա է: Պարզ ասած՝ Ռոբերտ Քոչարյանը զինվորականներին հանձնարարել է կարգուկանոն հաստատել, իսկ թե զինվորականներն ինչպես են կատարել այդ հանձնարարությունը՝ արդեն իր գործը չէ, դրա համար պաշտպանության նախարարն է պատասխանատու: Ռոբերտ Քոչարյանն, ի դեպ, առաջին անգամը չէ, որ օգտագործում է այդ հնարքը: Երբ «Առագաստ» սրճարանի զուգարանում նրա թիկնապահները ծեծելով սպանեցին քաղաքացի Պողոս Պողոսյանին, Ռոբերտ Քոչարյանը հո թիկնապահներին չէ՞ր ասել «տարեք ծեծելով սպանեք», ասել էր՝ «տարեք, հանգստացրեք»: Ինքը ի՞նչ մեղավոր է, որ թիկնապահներն անզգույշ էին կատարել իր կարգադրությունը:

Հիմա Ռոբերտ Քոչարյանը նույն հնարքին է դիմում. իբր ինքը բանակին ընդամենը հրահանգել է կարգուկանոն հաստատել, բայց նրանք դա շատ անզգույշ են արել: Միայն թե հիմա բոլորովին այլ իավիճակ է: Ու նախկին նախարար Միքայել Հարությունյանն էլ ոչ թե կկուի պես գլուխը կազատի, այլ ավելի շուտ սոխակի պես կերգի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս