loader

«Ազատ խոսք». «Մեր լավ ախպոր ախպերների» ընտրակարգը

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք խորհրդարանական արտահերթ ընտրությունների և ՀՀԿ-ի կողմից Հայաստանի քաղաքական դաշտին հասցված վերջին հարվածի մասին:

Եվ այսպես, խորհրդարանն արձակված է, և դեկտեմբերի 9-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց տեղի են ունենալու հին Ընտրական օրենսգրքով, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով:

ՀՀԿ-ն այդ հարցում հաջողության հասավ և վերջին վատությունն արեց քաղաքական դաշտին:

Ինչի՞ մասին է խոսքը: Հակահեղափոխությունը, փաստորեն, այլևս գոյություն չունի: ՀՀԿ-ն իրենից ինչ-որ ուժ էր ներկայացնում, քանի դեռ խորհրդարանում ուներ մոտ 50 պատգամավոր, բայց հիմա խորհրդարանը լուծարված է, ըստ էության, ՀՀԿ-ն ոչնչով չի տարբերվում որևէ շարքային կուսակցությունից, ասենք՝ Տիգրան Կարապետիչի կուսակցությունից: Քոչարյանն էլ պաշտոնապես հրաժարվեց առաջիկա ընտրություններին մասնակցելու մտրադրությունից: Այս իրավիճակում հույս կար, որ առաջիկա ընտրություններում կլինի լուրջ գաղափարական, քաղաքական, ծրագրային պայքար կուսակցությունների միջև, և հասարակությունն ընտրություն կկատարի ոչ թե «սևերի» ու «սպիտակների» միջև (ինչպես Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ էր), այլ կուսակցությունների ծրագրերի ու գաղափարների միջև:

Եթե տեղի ունենային զուտ կուսակցական ընտրություններ, հասկանալի է, որ ՀՀԿ-ն ոչ մի դեպքում չէր հաղթահարի անցողիկ շեմը: Ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի մոտ 1.5 մլն մարդ, ու հազիվ թե Հայաստանում գտնվեին 75 հազար ընտրողներ, ովքեր իրենց ձայնը կտային ՀՀԿ անվանումով քաղաքական ուժին: Բայց ռեյտինգային ընտրակարգի դեպքում իրողությունները բոլորովին այլ են: Այս ընտրակարգի դեպքում անցողիկ շեմը հաղթահարելու համար ՀՀԿ-ին ընդամենն անհրաժեշտ է ամբողջ Հայաստանով մեկ գտնել ընդամենը 25 հոգի, որոնցից յուրաքանչյուրը 3 հազար ձայն ունի: Թե որտեղի՞ց այդ ձայները, էական չէ: Ծանոթ, բարեկամ, ընկերական կապեր, բիզնես, աշխատողներ, «մեր լավ ախպոր ախպերն ա» և այլն: Այստեղ քաղաքական բաղադրիչ չկա, այս ամենը քաղաքականության հետ կապ չունի: Մինչդեռ խոսքը պետության կարևորագույն քաղաքական մարմնի մասին է:

Իսկ ահա նման քաղաքական ուժերի համար շատ դժվար կլինի ռեյտինգային թեկնածուներ գտնելը, որովհետև երբ նախապատվությունը տրվում է ոչ թե քաղաքական ուժին, այլ անձնական կապերին, ասենք՝ Հարվարդի կամ Օքսֆորդի համալսարանն ավարտած երիտասարդ մասնագետները չեն կարող մրցակից լինել նրանց հետ, ովքեր իրենց տարածքներում «մեր լավ ախպոր ախպերն» են:

Իսկ ի՞նչ պիտի անեն Հայաստանի նոր իշխանություններն այս իրավիճակում. կամ պիտի «մեր լավ ախպոր ախպերներին» ընդգրկեն իրենց (այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագրի») ցանկում, որպեսզի ռեյտինգայինով ձայներ ստանան, կամ պիտի նորից նախընտրական քարոզչություն իրականացնեն սև ու սպիտակ տրամաբանության մեջ: Ու մարդկանց համոզեն, որ անկախ նրանից՝ այսինչ ռեյտինգային թեկնածուն «ձեր լավ ախպոր ախպերն ա», թե՝ ոչ, եթե ՀՀԿ ցուցակում է, ուրեմն՝ պիտի մերժվի:

Իսկ մեծ հաշվով՝ այս մոտեցումից կտուժեն քաղաքական այն ուժերը, որոնք կարող են թեկուզ փոքր ներկայացվածությամբ լուրջ քաղաքական կշիռ և իմաստ հաղորդել ապագա խորհրդարանին:      

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս