loader

«Ազատ խոսք». Մի սղոցեք այն ճյուղը, որի վրա նստած եք

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային վերջին նշանակումների մասին: Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական կտա վարչապետի պաշտոնից, բայց բոլորի համար էլ հասկանալի է, որ դա ձևական բնույթ է կրելու: Նա շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունները, քանի դեռ նոր վարչապետ չի ընտրվել, իսկ նոր վարչապետ վստահաբար չի ընտրվի: Նույնիսկ թեկնածություն չի առաջադրվի: Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը մի քանի նախարարներ և մարզպետներ նշանակեց, և այդ նշանակումները հանրության մեջ բուռն քննարկումներ առաջացրեցին: Նախ և առաջ այն պատճառով, որ հասկանալի չէր, թե ինչ սկզբունքով են կատարվում այդ նշանակումները:

Չէ, իրականում լավ է, որ ասենք, 31-ամյա իրավաբանը նշանակվում է գյուղատնտեսության նախարար: Հիմա արդեն կարելի է վստահ լինել, որ գյուղատնտեսության ոլորտում բոլորի իրավունքները պաշտպանված կլինեն: Շատ լավ է, որ վերջին տասը տարիներին «Վալլեքս» ընկերությունների խմբում որպես ֆինանսական տնօրեն աշխատած մարդը նշանակվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: «Վալլեքս» ընկերությունը Հայաստանում այնպիսի ներդրումներ է արել, որ տասնյակ տարիներ են պետք՝ բնության հասցված վնասը վերականգնելու համար:

Էլ ավելի լավ է, որ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նշանակվում է Սյունիքի մարզպետ: Հունան Պողոսյանը նախկին իշխանությունների ժամանակ եղել է ոստիկանության օպերատիվ շտաբի պետը, իսկ մենք շատ լավ հիշում ենք, թե ոստիկանությունն ինչ օպերատիվությամբ էր կանխում ընտրակեղծիքները և պայքարում ընտրակեղծարարների դեմ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա հասկանալի է, որ նոր իշխանությունները չեն կարող պատասխանատու պաշտոններ վստահել միայն նրանց, ովքեր տեղեկանք կներկայացնեն առ այն, որ հեղափոխության ժամանակ այսինչ օրն այսինչ ժամին փակել են այսինչ փողոցը: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ոլորտները պետք է վստահել պրոֆեսիոնալներին: Պայմանով, որ նրանք պրոֆեսիոնալ լինեն իրենց գործի մեջ, և ոչ թե օրվա իշխանություններին հլու-հնազանդ ծառայելու գործում:

Եվ երկրորդը: Տեսեք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ներքաղաքական բոլոր քայլերը կատարելիս հիմնվում է այն իրողության վրա, որ վայելում է հասարակության անվերապահ աջակցությունը: Հիմա որքանո՞վ է ճիշտ իրականացնել այնպիսի քաղաքականություն, որի հիմքում հասարակության վիթխարի աջակցությունն է, ու միաժամանակ կատարել այնպիսի նշանակումներ, որոնց արդյունքում այդ աջակցությունը նվազում է: Չի կարելի սղոցել այն ճյուղը, որի վրա նստած են: Որքան էլ ճյուղը հաստ թվա, վստահության ռեսուրսն անսպառ չէ: Իսկ ճյուղին կարող է վնասել անգամ սղոցով արված մի երկու խազը: Բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ սա ժամանակավոր կառավարություն է, և դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նախարարների և մարզպետների կազմն էապես թարմացվելու է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս