loader

«Ազատ խոսք». Մյուսների «տուշոնկաները» վաղուց է կանխիկացվել

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք պաշտպանության բյուջեի թալանի և ստորջրյա հատվածների մասին:

Գեներալ Մանվելի հետագա ճակատագրի մասին խոսելն անիմաստ է: Ազգային ժողովն այսօր նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից, իսկ մնացածն արդեն իրավապահների գործն է: Եվ դա լավ է, որովհետև եթե ժողովրդին մնար, հնարավոր է, այլընտրանքային պատժամիջոցներ կիրառվեին: Այնպիսի պատժամիջոցներ, որոնց գեներալ Մանվելն ինքը ժամանակին կողմ էր: Հիմա հանրապետականների արձագանքի մասին: Բոլորի համար սա սեփական հայրենասիրությունը ցույց տալու հրաշալի առիթ էր, և հիմա բոլորն, իրար հերթ չտալով, հայտարարում են, թե ԱԱԾ հրապարակած տեսանյութը դիտելուց հետո շոկի մեջ են հայտնվել: Ափսոս, միայն, որ չեն հստակեցնում, թե հատկապես ինչո՞ւ են շոկի մեջ հայտնվել:

Շոկի պատճառն այն է, որ չգիտեի՞ն, թե Մանվելն ինչպես է տարիներ շարունակ թալանել զինվորների բաժինը, թե՞ շոկի մեջ են հայտնվել, որովհետև չէին պատկերացնում, որ Մանվելն այնքան հիմար կլինի, որ չի ֆայմի իշխանափոխությունից հետո թաքցնել հետքերը և ոչնչացնել հանցանշանները: Լավ իմանալով, որ ցանկացած պահի իրավապահները կարող են խուզարկություն անցկացնել իր կալվածքներում: Ակնհայտ է, չէ՞, որ բոլոր բարձրաստիճան հանրապետականներն՝ առանց բացառության, գիտեին, որ գեներալ Մանվելը հարստանում է բանակի հաշվին: Կոնկրետ «տուշոնկաների» մասին գուցեև չգիտեին, բայց գիտեին, որ այդ «տուշոնկաների» գումարը տրվում է բյուջեից, բյուջեն ձևավորվում է հարկերից, իսկ Մանվել Գրիգորյանի տասնյակ բիզնեսներն ընդհանրապես հարկեր չէին վճարում:

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ, օրինակ՝ նրան պատկանող գինու գործարանն ամբողջ տարվա համար ընդամենը 28 հազար դրամ հարկ է վճարել: Կրկնում եմ՝ ամբողջ տարվա համար 28 հազար դրամ: Այսինքն՝ 10 անգամ ավելի քիչ, քան փողոցում կանաչի վաճառող տատիկները: Բայց վերադառնանք բուն խնդրին: Այս ամենի մեջ հուզականությունը շատ է, և դա հասկանալի է. հասարակության ամենացավոտ կետին են դիպել: Բայց եթե հարցին նայենք զուտ նյութական տեսանկյունից, ակնհայտ է, որ Մանվելի կալվածքներում հայտնաբերվածն ընդամենը մի քանի հարյուր հազար կամ մի քանի միլիոն դոլար արժե, մինչդեռ բանակից թալանված գումարները հարյուր միլիոնավոր դոլարներ են կազմում: Այսինքն՝ թալանվածի անգամ մեկ տոկոսը չի հայտնաբերվել: Իսկ ո՞ւր է 99 տոկոսը: Հազիվ թե Հայաստանում գտնվի Պաշտպանության նախարարության որևէ բարձրաստիճան պաշտոնյա կամ երբևէ բանակի մատակարարումների հետ առնչված բարձրաստիճան չինովնիկ, ով միլիոնավոր դոլարների անշարժ գույք չունենա Հյուսիսային պողոտայում, Վահագնի թաղամասում կամ այլ էլիտար թաղամասերում:

Այդ վիլլաների նկուղներում «տուշոնկայի» տուփեր գուցեև չհայտնաբերվեն, բայց պատերից հաստատ «տուշոնկայի» հոտ կգա: Կամ՝ տանկերի համար նախատեսված դիզվառելիքի: Կամ՝ զինվորական հանդերձանքի: Հետո ի՞նչ, որ որևէ առանձնատան ճակատին գրված չէ «ձեռք չտալ, զինվորի բաժին»: Բայց դա հենց զինվորի բաժինն է: Ու նաև կրտսեր սպայակազմի: Նրանց, ովքեր ապրիլյան պատերազմում զոհաբերեցին իրենց կյանքը: Նաև այն պատճառով, որ մեր բանակը 80-ական թվականների զենքով էր կռվում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս