loader

«Ազատ խոսք». Նախընտրական շրջանում անկեղծությունը հակացուցված է

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք ժողովուրդների ծուլության և աշխատասիրության մասին: Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթներից մեկը, որտեղ նա խոսեց այն մասին, որ Հայաստանում 350 հազար աշխատողները կերակրում են 800 հազար չաշխատողներին, հասարակության մեջ բուռն քննարկումներ առաջացրեց: Շատերին դուր չէր եկել, որ նա, իրենց կարծիքով, 800 հազար մարդու անուղղակիորեն մեղադրում է ծուլության մեջ:

Նիկոլ Փաշինյանն, իհարկե, ավելի ուշ փորձեց մեղմել իր ելույթի տպավորությունները և ավելի հանգամանորեն բացատրեց, թե ինչ էր ուզում ասել, բայց, ինչպես հրեական հայտնի անեկդոտում է ասվում, նստվածքը մնաց: Անգամ զուգահեռներ են անցկացվում, թե ժամանակին հանրապետականներն էլ փորձում էին արտագաղթը բացատրել նրանով, թե իբր գաղթականությունը մեր արյան մեջ է: Իրականում խնդիրն այլ է:

Հայաստանում, իհարկե, 800 հազար ծույլեր չկան: Ավելին՝ ցանկացած արտասահմանցու, ով քարտեզի վրա Հայաստանի տեղը չգիտի ու անգամ Հայաստանի անունը չի լսել, ներկայացրեք այսպիսի վիճակ՝ երկրագնդի վրա ինչ-որ տեղ կա մի փոքրիկ լեռնային երկիր, որը գտնվում է շրջափակման մեջ, դեպի ծով ելք չունի նավթ ու գազ չունի ու գտնվում է փաստացի պատերազմի մեջ, և եզրակացությունը կլինի միանշանակ. այդ երկրի բնակչությունը անխուսափելիորեն կապրի ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: Բայց Հայաստանում այդպես չէ: Ճիշտ է՝ դժվարությամբ, բայց ամեն մեկն ինչ-որ ձևով իր օրվա հացը վաստակում է:

Բայց պրոբլեմը, միևնույն է, կա, որովհետև այդ 800 հազար չաշխատողների մի փոքր մասը (ասենք՝ 100-150 հազարը) պարզապես չի ցանկանում աշխատել: Մեծ մասը չի աշխատում, որովհետև աշխատանք չկա (կամ՝ արժանապատիվ վարձատրությամբ աշխատանք չկա), ֆիզիկապես ի վիճակի չեն աշխատել և այլն, բայց 100-150 հազար հոգու պրոբլեմը մնում է: Իսկ իշխանությունները չեն կարող բաց տեքստով ասել՝ «գիտեք՝ ի՞նչ, աշխատատեղեր ստեղծելը պետության գործը չէ, դա պետության գործառույթների մեջ չի մտնում, պետությունը ընդամենը պարտավոր է բարենպաստ միջավայր ստեղծել, որպեսզի տնտեսությունը դինամիկ զարգանա, և անընդհատ նորանոր աշխատատեղեր ստեղծվեն»:

Եթե որևէ պաշտոնյա նման բան հայտարարեր՝ չորս կողմից կգզեն. ո՞նց թե «պետությունը պարտավոր չէ աշխատատեղեր ստեղծել, բա դուք ինչի՞ համար եք»: Հիմա տեսեք: Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է վերջին 6-7 ամիսներ իր ամենաանկեղծ ելույթը (որովհետև նախորդ հրապարակային ելույթներում ժողովրդի համար դուրեկան նախադասություններն ակնհայտորեն ավելի շատ էին), և այս ամենաանկեղծ ելույթը արժանանում է ամենասուր քննադատությանը:

Ուրեմն՝ ի՞նչ, որևէ իշխանության համար անկեղծությունը հակացուցվա՞ծ է, պիտի միայն ականջահաճո ելույթնե՞ր ունենալ: Թե՞ պետության ղեկավարներն, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ պիտի համարձակվեն անկեղծորեն զրուցել հասարակության հետ, եթե անգամ իրենց տեսակետները սխալ են կամ վիճելի են: Հավատացեք՝ շատ ավելի հեշտ է հայտարարելը, որ մենք քարից հաց քամող ժողովուրդ ենք, որ երբ մենք թատրոն ունեինք, ուրիշ ազգեր դեռ ծառերից չէին իջել, և այլն, ու համարել, որ բոլոր պրոբլեմների պատճառներն արտաքին են: Բայց դրանից պրոբլեմները, չգիտես՝ ինչու, չեն վերանում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս