loader

«Ազատ խոսք». Ներքաղաքական «մեծ բախում» է նախապատրաստվում

Հայաստան 24-ի եթերում այսօր, բնականաբար, կանդրադառնանք կառավարության ծրագրի շուրջ խորհրդարանում ծավալված քննարկումներին: Միանգամից ասենք՝ քննարկումները չստացվեցին: Գործընթացն ինքնին բավականին հետաքրքիր էր, բայց բուն ծրագրի հետ առանձնապես կապ չուներ:

Ելույթ ունեցողներն էլ բաժանվում էին երկու մասի. մի մասը փորձում էր դուր գալ Նիկոլ Փաշինյանին, մյուս մասը փորձում էր դուր գալ ժողովրդին: Ընդ որում՝ երկուսն էլ դա անում էին բավականին անհաջող: «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից մեկն, օրինակ, կարգին զվարճացրեց ներկաներին: Նա, երևի, ուզում էր լավ բան ասել, բայց հակառակը ստացվեց, որովհետև ենթատեքստը սա էր. «ծրագիրը լավը չի, բայց եթե նույնիսկ ավելի վատը լիներ, միևնույն է՝ կողմ էինք քվեարկելու»:

ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն էլ իրենց հերթին ուզում էին ցույց տալ, թե, իբր, շատ են ուզում, որ կառավարությունը հաջողություններ ունենա, բայց քանի որ խիստ մտահոգված են ժողովրդի սոցիալական վիճակով, ստիպված են սրտի անհուն կսկիծով դեմ քվեարկել ծրագրին ու քննադատության ենթարկել կառավարությանը: Իրականում այն, ինչ տեղի էր ունենում Ազգային Ժողովում, բավականին պարզ էր: Բոլորը ուզում են, որ հնարավորինս քիչ հարկեր վճարվեն պետությանը (այսինքն՝ հարկային բեռը թեթևանա), բայց բյուջեում հնարավորինս շատ փող լինի, որպեսզի սոցիալական խնդիրները կարգավորվեն, ու բյուջեի միջոցներն էլ ծախսվեն խիստ արդյունավետ ձևով: Ու քանի որ որևէ մեկը հաճույքով չի վճարում հարկերը, հարկային մարմինները լավ չեն աշխատում, սոցիալական խնդիրները չեն կագավորվում, եղած միջոցներն էլ արդյունավետ չեն ծախսվում, հասարակության մեջ որոշակի դժգոհություն է գեներացվում:

Ընդ որում՝ բավականին բարձր տեմպերով: Իբր, մտահոգ ընդդիմությունն էլ օգտվում է այս վիճակց և քարոզչական պատերազմ է սկսել իշխանությունների դեմ: Ավելի ճիշտ՝ միայն Նիկոլ Փաշինյանի դեմ, որովհետև նրա թիմում այլ երևացող դեմքեր, այլ «թիրախներ» պարզապես չկան: «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն այս իմաստով Նիկոլ Փաշինյանին, մոտավորապես, նույն ծառայությունն են մատուցում, որը որպես դաշնակից Նապոլեոնին մատուցում էր Իտալիան: Նապոլեոնն այդ մասին ասում էր. «Իտալիան գրավելու համար մի դիվիզիան բավական է, Իտալիայի հետ դաշնակցելով, պատերազմելու համար արդեն պետք է երկու լրացուցիչ դիվիզիա, իսկ ահա Իտալիան հնազանդ պահելու համար տասը դիվիզիան էլ է քիչ»:

Հիմա, մոտավորապես, նույն վիճակում Նիկոլ Փաշինյանն է: Նա պիտի այնքան ջանքեր գործադրի, որ հանկարծ իր իսկ խմբակցությունն իրեն վնասներ չտա, որ այդ ջանքերի կեսը գոծադրելով կարող էր արդյունավետ պայքարել քաղաքական ընդդիմախոսների դեմ: Ամեն դեպքում՝ ակնհայտ է, որ քարոզչական պատերազմն ընդամենը մեկ պատերազմի «հրետանային նախապատրաստությունն» է: Ու քաղաքական գործընթացները գնալով թեժանալու են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս