loader

«Ազատ խոսք». Նիկոլ Փաշինյանի առաջին լուրջ սխալը

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումից հետո քաղաքական դաշտում կարծես թե հաստատված ժամանակավոր հրադադարի մասին: Ի՞նչ է տեղի ունենում իրականում: Ընդհանրապես ցանկացած հակամարտության դեպքում բանակցությունների հերթական փուլից առաջ կողմերը փորձում են ուժ ցուցադրել, որպեսզի բանակցություններում ավելի շահեկան դիրքեր ունենան: Նիկոլ Փաշինյան-նախկին իշխանություններ հակամարտության դեպքում նույն վիճակն է: Նախկին իշխանությունները հասան նրան, որ Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից, և դրանով իսկ նրանք, իրենց կարծիքով, ցույց տվեցին, որ դեռևս բավականին ուժեղ են:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն էլ օգոստոսի 17-ին հզոր հանրահավաք կազմակերպեց և հարթակից սպառնաց, որ եթե նախկինները խելքները գլուխները չհավաքեն, ինքը կստեղծի անցումային արդարադատություն իրականացնող կառույցներ, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ կպարտադրի Սահմանադրության փոփոխմամբ, որը կիրականացվի հրապարակի ճնշման տակ: Մի խոսքով՝ նախկինների համար հեչ լավ չի լինի: Սպառնալիքն ազդեց:

Արա Բաբլոյանն անմիջապես երկխոսության կոչ արեց, հանդիպումը տեղի ունեցավ, և, որքանով հասկացվում է պաշտոնական հաղորդագրությունից, նախկին իշխանությունները համաձայն են չխոչընդոտել, որ մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, Նիկոլ Փաշինյանն էլ համաձայն է առայժմ ձեռնպահ մնալ անցումային արդարադատության կառույցների ստեղծումից: Քաղաքական շրջանակներն էլ կարծես թե հիացած են, որ Հայաստանում ստեղծված ոչ ստանդարտ ներքաղաքական իրավիճակը կարծես թե հանգուցալուծվում է երկխոսության ճանապարհով: Բայց այդպե՞ս է արդյոք:

Բանն այն է, որ հակամարտությունների մեծ մասի դեպքում կողմերը, որպես կանոն, ժամանակավոր հրադադարն օգտագործում են վճռական ճակատամարտին ավելի լավ պատրաստվելու համար: Եվ կասկած չկա, որ նույն վիճակն է նաև այս դեպքում: Նախկին իշխանություններին օդ ու ջրի պես ժամանակ է պետք, ընդ որում՝ շատ կարևոր է, որ այդ ժամանակահատվածում անցումային արդարադատության կառույցներ չստեղծվեն, և արդարադատություն իրականացնեն այսօր գործող դատարանները: Այն դատարանները, որոնք ազատ են արձակում Ռոբերտ Քոչարյանին, գրավի դիմաց ազատ են արձակում Սերժ Սարգսյանի թիկնազորի պետին, այն կառույցները, որոնք փնտրում և այդպես էլ չեն գտնում հետախուզման մեջ գտնվող նախկին թալանչիներին, և այլն:

Հիմա եթե Փաշինյան-Բաբլոյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են, ստացվում է, որ նախկին իշխանություններն իրենց հիմնական նպատակին հասնում են: Հանգիստ պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին և միաժամանակ հարմար առիթի են սպասում նոր իշխանություններին վճռական հարված հասցնելու համար: Իսկ ահա Նիկոլ Փաշինյանը, երևի, ներքաղաքական պարտիայում առաջին լուրջ սխալը թույլ տվեց՝ չօգտագործելով իր ամենահզոր զենքը և դիմացինին ժամանակ տալով: Լավ իմանալով, որ դիմացինը, միևնույն է, ինքնակամ զենքերը վայր չի դնելու և մինչև վերջ դիմադրելու է, իսկ խաղաղ գոյակցություն չի ստացվելու, թե՞, այնուամենայնիվ, ստացվելու է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս