loader

«Ազատ խոսք». Նիկոլ Փաշինյանի դեմ կիրառում են իր իսկ մարտավարությունը

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքային պայքարի և «Ելք» դաշինքում առկա տարաձայնությունների մասին:

Ինչպես հայտնի է, «Ելք» դաշինքում հանրահավաքային պայքարի հարցով համաձայնություն չկա: Առայժմ: Ավելի վաղ դաշինքը հայտարարել էր, թե թույլ չի տալու, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, այսինքն՝ այդ հարցում տարաձայնություն չկա: Բայց թե ինչպես թույլ չի տալու՝ այդ հարցում կարծիքները բաժանվում են: Ըստ երևույթին «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» կարծում են, որ քվեարկությունից առաջ սուր ելույթներ կունենան, հանրապետականներն ու դաշնակցականներն էլ կազդվեն, ամոթից գետինը կմտնեն ու դեմ կքվեարկեն Սերժ Սարգսյանին:

Շատ ողջամիտ մարտավարություն է իհարկե, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այլ մոտեցում ունի: Այնտեղ կարծում են, որ պատգամավորների քվեարկության արդյունքները կախված կլինեն նրանից, թե ապրիլի 17-ին որքան ժողովուրդ կլինի հավաքված ԱԺ ցանկապատների մոտ: Ընդ որում՝ ՔՊ-ն արդեն հայտարարել է, որ ապրիլի 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք ու երթ է կազմակերպելու:

Ի՞նչ է տեղի ունենում: Ինչո՞ւ «Ելք» դաշինքի անցում մյուս երկու ուժերը չեն միանում ՔՊ-ին: Ըստ երևույթին այդ ուժերը ցանկանում են իրենց դաշնակից Նիկոլ Փաշինյանի հետ վարվել այնպես, ինչպես երկուսուկես տարի առաջ Նիկոլ Փաշինյանն է վարվել ՀԱԿ-ի դաշնակիցների հետ: Այն ժամանակ, եթե հիշում եք, ՀԱԿ-ը սահմանադրական փոփոխությունների դեմ բավականին լուրջ պայքար էր նախաձեռնել, բայց Նիկոլ Փաշինյանը դա գնահատեց որպես կեղծ օրակարգ և չմասնակցեց այդ պայքարին: Որովհետև գտնում էր, որ պետք չէ ուժերը զուր տեղը վատնել և ժողովրդին տանել պարտության: Հիմա էլ փաստորեն «Լուսավոր Հայաստանն» է հանրահավաքային պայքարը գնահատում որպես կեղծ օրակարգ և չի ցանկանում ուժերը վատնել ու ժողովրդին տանել պարտության:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի երկուսուկես տարի առաջվա մարտավարությունն իրեն արդարացրեց: Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող հիմնական ուժերը խորհրդարան չմտան, իսկ Նիկոլ Փաշինյանը մտավ: Իսկ հաջողության օրինակը միշտ էր վարակիչ է: Դրա համար էլ «Լուսավոր Հայաստանն» առանձնապես դեմ չէ, որ ՔՊ-ն գնա Ազատության հրապարակ ու պարզվի, իսկ իրենք մնան չպարտված: Սա այնքան ակնհայտ է, որ անգամ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է անթաքույց հեգնանքով նույն բառապաշարն օգտագործում՝ հայտարարելով, թե ընդդիմությունն, իհարկե, կարող է հանրահավաքներ անել, բայց դա կեղծ քաղաքական օրակարգ է: Ու նաև հատուկ ընդգծում է, որ քաղաքական գործընթացները պիտի իրականացվեն խորհրդարանում: Այսինքն՝ ըստ էության կրկնում է «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը: Հավանություն է տալիս այդ դիրքորոշմանը: Այնպես, ինչպես երկուսուկես տարի առաջ հավանություն էր տալիս այն ուժերին, որոնք կեղծ օրակարգ էին անվանում սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը:

Միայն թե «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» հազիվ թե այս մարտավարության շնորհիվ հայտնվեն հաջորդ խորհրդարանում: Լիդերները՝ գուցե, բայց՝ ոչ կուսակցությունները: Կառուցողական ընդդիմության տեղերը սահմանափակ են:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս