loader

«Ազատ խոսք». Նիկոլ Փաշինյանի «սենդվիչի» սկզբունքը

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային նշանակումների և դրանց հասարակական արձագանքի մասին:

Հասարակությունը հատկապես բուռն արձագանքեց ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակմանը, և դա միանգամայն կանխատեսելի էր: Վալերի Օսիպյանը, կարելի է ասել, «Իմ քայլը» նախաձեռնության անդամների հետ հավասար մասնակցել է ցույցերի համենայն դեպս երևանյան հատվածին, բայց եղել է բարիկադների մյուս կողմում: Իսկ այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում է, և դա անխուսափելիորեն շատերի մոտ պիտի դժգոհություն կամ առնվազն տարակուսանք առաջացներ:

Բայց փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Երևի արժե առանձնացնել երկու կարևոր հանգամանք: Առաջին. հեղափոխական շարժում ղեկավարելը մի բան է, պետություն ղեկավարելը՝ բոլորովին այլ բան: Ժողովուրդը կարող է հանրահավաքի հարթակից ելույթ ունեցողների նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտեց աջ ձեռքի բթամատը վերև կամ ներքև պարզելով, բայց պետության ղեկավարը չի կարող կադրային քաղաքականությունն իրականացնել այդ նույն սկզբունքով: Նա չի կարող ամեն անգամ ասել՝ տեսնես եթե այսինչ մարդուն նշանակեմ այսինչ պաշտոնին, ժողովուրդը բութ մատը վերե՞ւ կպարզի, թե՞ ներքև: Հասկանալի է, որ հեղափոխական իներցիան դեռ որոշ ժամանակ վարչապետին ստիպելու է իր յուրաքանչյուր քայլի համար ուղղակիորեն հաշվետու լինել ժողովրդի առաջ, բայց դա անպայմանորեն չի նշանակում, որ շարժման օրերին ով ամենալավն էր փողոցները փակում՝ նրան պիտի նշանակել տրանսպորտի նախարար, ով ամենադուխովն էր պայքարում ոստիկանների դեմ՝ նրան պիտի նշանակել ոստիկանապետ, ով առաջինը մտավ ռադիոյի շենք՝ նրան պիտի նշանակել հանրային ռադիոյի տնօրեն, և այլն:

Երկրորդ հանգամանքը: Խնդիրը Վալերի Օսիպյանի անձը չէ, ով էլ նշանակվեր ոստիկանապետ՝ հիասթափվողներ լինելու էին: Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հանրային վստահությունը համարյա հարյուր տոկոսանոց է, և այդ տոկոսը կարող է փոխվել միայն մի ուղղությամբ. կարող է միայն նվազել, որովհետև հարյուր տոկոսանոց բարձր վստահություն չի լինում: Որպեսզի դա տեղի չունենա՝ կառավարության նոր կազմին և կադրային լուծումներին պետք է նայել հետևյալ տեսանկյունից. եթե հասարակությունը վստահում է Նիկոլ Փաշինյանին, ուրեմն պիտի վստահի նաև նրա կադրային քաղաքականությանը: Եվ պիտի ոչ թե այդ նորանշանակ պաշտոնյայի անցյալը փորփրի, այլ ուշադիր հետևի՝ այդ մարդը կարողանո՞ւմ է լուծել իր առջև դրված խնդիրները, թե՞ չի կարողանում: Սա իտի լինի հիմնական չափորոշիչը:

Քաղաքականության մեջ սա կոչվում է «սենդվիչի սկզբունք»: Ինչո՞ւ սենդվիչի: Որովհետև հասարակությունը ճնշում է ներքևից, պետության ղեկավարը ճնշում է վերևից, և արդյունքում համակարգը մաքրվում է: Միայն ներքևից ոչինչ չի ստացվի. կունենանք կադրային ջարդ, վրեժխնդրություն և ատելության մթնոլորտ: Միայն վերևից նույնպես ոչինչ չի ստացվի. առանց հանրային լայն աջակցության Նիկոլ Փաշինյանը քարացած համակարգի դեմ պայքարում կպարտվի: Մնում է «սենդվիչի սկզբունքը»: Միաժամանակյա ճնշում ներքևից և վերևից: Առանց ավելորդ էմոցիաների և հիասթափությունների:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս