loader

«Ազատ խոսք». Ընտրություններից առաջ ազնվությունը հակացուցված է

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք նախընտրական ժամանակահատվածներին հատուկ քարոզչական մանիպուլյացիների մասին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարեց, թե ժողովրդին տված խոստումները 100 տոկոսով կատարել է, և նրա այդ հայտարարությունը, բնականաբար, մեծ աղմուկ բարձրացրեց: Հատկապես քաղաքական շրջանակներում: Չորս կողմից հարցերի տարափ է տեղում, թե ի՞նչ 100 տոկոսի մասին է խոսքը, բա ինչո՞ւ մարդկանց աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանում, ինչո՞ւ կարմիր գծերն ու տեսախցիկները չեն վերանում, ո՞ւր են խոստացված ներդրումները, ինչո՞ւ Ընտրական օրենսգիրքը չփոխվեց, և այլն:

Չէ, Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն, իհարկե, 100 տոկոսով չեն կատարվել: Եվ ընդհանրապես, երևի, ավելի ճիշտ կլիներ, եթե նա ձևակերպեր այսպես. «Եվ 100 տոկոսով ինձանից կախված ամեն ինչ արել եմ, որ բոլոր խոստումներս իրագործվեն, բայց՝ ինչ-որ բաներ ստացվել են, ինչ-որ բաներ չեն ստացվե այս-այս-այս պատճառներով, դրա համար էլ անելու եմ այս-այս-այս քայլերը, որպեսզի այս-այս-այս ժամկետներում իրականացվեն նաև այդ խոստումները»:

Սա ավելի անկեղծ խոսակցություն կլիներ: Բայց խնդիրը միայն սա չէ: Զարմանալին այն է, որ որպես Նիկոլ Փաշինյանի չկատարած հիմնական խոստումներ՝ շեշտվում են հատկապես Ընտրական օրենսգիրքը չփոխելը և ներդրումներ չապահովելը, և հիմնական շեշտողն էլ հանրապետականներն են: Այսինքն՝ հանրապետականներն ամեն ինչ արել են, որ Ընտրական օրենսգիրքը չփոխվի, ու հիմա ասում են՝ տեսեք, Ընտրական օրենսգիրքը չի փոխվել, ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանն իր խոստումը չի կատարել: Ավելի ազնիվ քաղաքական ուժը դրա փոխարեն կասեր. «Տեսա՞ք, մենք այնքան ուժեղ էինք, որ Նիկոլ Փաշինյանին թույլ չտվեցինք կատարել իր խոստումը»:

Բայց այդ դեպքում խոստում չկատարելու պատասխանատվությունը կընկներ հանրապետականների վրա: Իսկ այսպես՝ նրանք հարցն այնպես են ներկայացնում, կարծես, իրենք դրա հետ հեչ կապ չունեն: Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան խոստացավ, չկարողացավ անել, հետևաբար՝ սուտասան, թե՞ հանրապետականներն ուզում էին, որ Նիկոլ Փաշինյանն իր խոստումը կատարի ցանկացած գնով: Ասենք՝ համապատասխան կառույցները «շնորհքով ներխուժեն» հանրապետական պատգամավորների ու նրանց հարազատների տարածքները, իրենք էլ հետո աշխարհով մեծ աղմուկ բարձրացնեն, թե հասեք-փրկեք, Հայաստանում 37 թիվն է:

Հիմա՝ ներդրումների մասին: Իհարկե, ներդրումների ծավալները խայտառակ են, այդ հարցում լրջագույն պրոբլեմներ կան, բազմաթիվ պատճառներ կան, և այդ պատճառների մեջ, ի դեպ, ամենևին երկրորդական տեղում չէ իշխանություններ վատ աշխատանքը: Այո, լավ չեն աշխատում, ցաքուցրիվ են, անկազմակերպ են: Լավ, բայց ներդրումների բացակայության մեջ հանրապետականները հե՞չ մեղք չունեն: Բա անընդհատ խոսում են արտաքին ահագնացող վտանգների մասին, անընդհատ ինչ-որ ապոկալիպտիկ սցենարներ են ներկայացնում, դա էլ է, չէ՞, վախեցնում պոտենցիալ ներդրողներին: Այսինքն՝ հանրապետականները մի կողմից իրենց հայտարարություններով վանում են պոտենցիալ ներդրողներին, մյուս կողմից իշխանություններին մեղադրում են ներդրումների բացակայության մեջ: Համաձայնվեք, որ այնքան էլ ազնիվ չէ: Չնայած՝ ընտրությունների առաջ քաղաքական ուժերից ազնվություն ակնկալելը, երևի, միամտություն է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս