loader

«Ազատ խոսք». Ոչ թե սև ու սպիտակի, այլ անցյալի ու ապագայի միջև

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերի կեղծ և իրական դիրքորոշումների մասին: Ընտրություններին հաշված օրեր են մնացել, և պետք է արձանագրել, որ ՀՀԿ-ին հաջողվեց պայքարը տեղափոխել սև ու սպիտակի հարթություն, ինչի շնորհիվ էլ այդ ուժը հասարակության կողմից ընկալվում է որպես հիմնական ընդդիմադիր, և անցողիկ շեմը հաղթահարելու լուրջ շանսեր է ստանում (համենայն դեպս, իրենց կարծիքով):

Ընդ որում՝ ՀՀԿ-ի այս բավականին կոշտ, ագրեսիվ քարոզչությունն իշխանություններին ստիպում է կիրառել նույնպիսի և նույնիսկ ավելի կոշտ բառապաշար, ինչը, մեծ հաշվով, էլի ՀՀԿ-ին էր ձեռնտու, իսկ Նիկոլ Փաշինյանին դրեց բավականին խոցելի վիճակում: Բայց սև ու սպիտակի քարոզչությունը միայն արտաքին կեղևն է: Իրականում քաղաքական դաշտը բաժանված է ոչ թե սևերի ու սպիտակների, այլ հին և նոր ուժերի միջև: ՀՀԿ-ն, օրինակ, հների մեջ է: Որովհետև ի՞նչ են ասում նրանք: Ասում են՝ «երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն, արդյունքները լավը չեն, մեր ժամանակ ավելի լավ էր, հետևաբար՝ քվեարկեք մեր օգտին»:

Այսինքն՝ վերադարձ հնին: ԲՀԿ-ն նույնպես հին դաշտում է: Ոչ թե այն պատճառով, որ արդեն տևական ժամանակ քաղաքական դաշտում է, նախկինում հասցրել է և՛ իշխանական համակարգի մաս կազմել, և՛ ընդդիմություն լինել, այլ որովհետև նոր բան չի ասում, ասում է այն, ինչ ասել է տարիներ շարունակ: «Օրինաց երկիրը» նույնպես հին քաղաքական համակարգի մասն է, իսկ Դաշնակցության մասին ընդհանրապես չենք խոսում: Ճիշտ է, նրանք ասում են, որ իրենք ոչ թե հին են, այլ ավանդական, բայց իրականում և՛ հին են, և՛ ավանդական: Ընդ որում՝ ստեղծման տարեթիվը ոչ մի նշանակություն չունի:

«Սասնա ծռերն», օրինակ, որպես կուսակցություն մի քանի ամսվա պատմություն ունի, բայց համարյա Դաշնակցության պես հին է: Այս երկու ուժերի անցած ճանապարհներն ու լրջության աստիճանն, իհարկե, համատեղելի չեն, բայց ամեն դեպքում՝ գրեթե նույն հռետորաբանությունն է, նույն գաղափարները, նույն պաթոսը, և այլն: Եվ կան նոր ուժեր: «Իմ քայլը» դաշինքը, «Մենք» դաշինքը, «Լուսավոր Հայաստանը», «Քաղաքացու որոշում» կուսակցությունը...

Ինչո՞ւ ենք այս ուժերին «նոր» անվանում: Որովհետև սրանց գործունեությունը ապագային միտված, անցյալին վերադառնալու մասին ընդհանրապես խոսք չկա: Այդ ապագան կարող է լավը լինել, կարող է վատը լինել, կարող է անորոշ լինել, կարող է վտանգավոր լինել, կարող է իսկապես այնպես ստացվել, որ հետո ասենք՝ «ավելի լավ չէ՞ր մնայինք անցյալում»: Այո, այդ անորոշությունը կա: Բայց մեծ հաշվով՝ դեկտեմբերի 9-ին մարդիկ ընտրություն են կատարելու հենց անցյալի ու ապագայի միջև: Ընդ որում՝ այնպես չէ, որ ընտրություն են կատարելու ապահովել անցյալի և մշուշոտ ապագայի միջև, որովհետև անցյալն էլ ապահով չէր: Ապահով լիներ՝ ամեն տարի բնակչության մեկուկես տոկոսը չէր արտագաղթի: Իսկ ժողովուրդները, որպես կանոն, անցյալի և ապագայի միջև ընտրում են ապագան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս