loader

«Ազատ խոսք». Փաստորեն, Սերժ Սարգսյանը ժամանակի՞ն «թռավ»

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք ղարաբաղյան կարգավորման հարցում ի հայտ եկած մի, կարելի է ասել, սենսացիոն բացահայտման մասին: 

Ռուսաստանի Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, թե եթե Հայաստանում իշխանափոխություն չլիներ, հակամարտության կարգավորման հարցում շատ կարևոր արդյունքներ կարձանագրվեին: Ու ինքն էլ բացատրել է, թե ինչ արդյունքների մասին է խոսքը: Ըստ նրա՝ բանակցությունների նախորդ փուլում կողմերն արդեն համաձայնեցրել էին կարգավորման «ճանապարհային քարտեզը», ենթադրվում էր սկզբում 5, իսկ հետո 7, այսպես կոչված, «գրավյալ շրջանների» վերադարձն Ադրբեջանին: 

Սկսենք նրանից, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Ռուսաստանի Եվրասիական շարժումը: Ակնհայտ է, որ Եվրասիական շարժումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն վեկտորներից է, հետևաբար՝ Եվրասիական շարժման ղեկավարը չի կարող պատահական մարդ լինել: Եվ ահա այդ ոչ պատահական մարդը հայտարարում է, որ եթե մայիսին Հայաստանում իշխանափոխություն չլիներ, Սերժ Սարգսյանը պատրաստ էր 5 շրջան զիջել Ադրբեջանին, ու այդ հարցն արդեն համաձայնեցված էր:

Իսկ գուցե նաև սա՞ էր պատճառը, որ ապրիլին Սերժ Սարգսյանը, շատերի համար անսպասելիորեն, որոշեց անարյուն հեռանալ, որովհետև եթե նա փորձեր ամեն գնով պահպանել իշխանությունը և Ադրբեջանին տարածքներ զիջել, իշխանությունը կորցնելը կարող էր նաև անարյուն չլինել: Իսկ թե ինչի՞ դիմաց էին Հայաստանի նախկին իշխանությունները պատրաստվում տարածքներ զիջել, Դուգինը չի ասում: Փոխարենը հայտարարում է, թե Ռուսաստանը միշտ էլ ընդունել է Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին:

Ինչևէ: Դուգինն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ տարածաշրջանային այցին ու հայտարարել, թե Միացյալ Նահանգները շահագրգռված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Այսինքն՝ նրա ասածը հետևյալն է. «Մենք ձեր դաշնակիցը չենք, բայց Ամերիկան նույնպես ձեր դաշնակիցը չէ»:

Ի դեպ, Բոլթոնի այցի մասին: Եթե հիշում եք, Երևանում նա հայտարարեց, որ Հայաստանը կարող է ռուսականի փոխարեն ամերիկյան զենք գնել, և այդ հայտարարության նպատակը շատերի համար անհասկանալի մնաց, որովհետև ամերիկյան զենքը գովազդի կարիք չունի, մերոնք էլ տեղը գիտեն, գներն էլ գիտեն և հատուկ հրավերի կարիք չկար: Այնպես որ մեծ է հավանակությունը, որ առաջիկայում ԱՄՆ-ն Ադրբեջանին զենք կվաճառի, ու դա ասվում էր, որպեսզի հետագայում ասեն՝ մի նեղացեք, ձեզ էլ ենք առաջարկել:

Իսկ հիմա ամենակարևորը: Բոլթոնը Երևանում համարյա բաց տեքստով հայտարարեց, որ արտահերթ ընտրություններից հետո հասարակական լայն աջակցություն ունեցող իշխանությունները կարող են բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրել: Մոտավորապես նույն բանն էլ պաշտոնական Մոսկվան է ասում՝ տարբեր փորձագետների շուրթերով: Դրա իմաստը, մոտավորապես, սա է. «Նախկին իշխանությունները չէին կարող Ղարաբաղի հարցում ցավալի զիջումների գնալ, որովհետև հասարակության աջակցությունը չէին վայելում, իսկ նոր իշխանությունները կարող են գնալ զիջումների, որովհետև վայելում են հասարակության լիակատար աջակցությունը, և հասարակությունը նրանց այդ քայլը կընդունի»:

Նկատենք, որ և՛ ամերիկացիները, և՛ ռուսները սխալվում են: Ցանկացած ցավալի զիջման դեպքում մեր հասարակության վերաբերմունքը կփոխվի ոչ թե կարգավորման մոդելի, այլ իշխանությունների նկատմամբ: Եվ Հայաստանի նոր իշխանությունները, վստահաբար, հասկանում են դա: Այնպես որ իշխանությունների նկատմամբ ճնշումներն ուժեղացնելու փոխարեն ռուսներն ու ամերիկացիները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այդ զիջումները միակողմանի չլինեն և չլինեն ցավոտ, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս