loader

«Ազատ խոսք». Պատերազմական ժամանակների օրենքներով

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք իրավապահ մարմինների ամենօրյա բացահայտումների և երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: ԱԱԾ-ն և Ոստիկանությունն ամեն օր նորանոր սենսացիոն բացահայտումներ են անում. աղմկոտ ձերբակալություններ, ճամպրուկներով դոլարներ, տասնյակ միլիոններ արժեցող անշարժ գույք, զինվորից գողացված հագուստ և սնունդ, զենք, զինամթերք և այլն: Ու սա շատ ծանր տպավորություն է թողնում մարդկանց վրա նաև այն պատճառով, որ ապրիլյան պատերազմի հիշողությունները դեռ թարմ են:

Մարդիկ այսօրվա պես հիշում են, որ ապրիլյան պատերազմում հարյուրից ավել զոհեր ունեցանք, որովհետև, իբր, փողի պակասի պատճառով մեր բանակը կռվում էր 80-ական թվականների զենքերով: Բանակն, իբր, փողի պակասի պատճառով, ժամանակակից զինատեսակներ չուներ, գիշերային տեսանելիության սարքեր չուներ, ամենաշատ զոհերն ունեցանք թշնամու ԱԹՍ-ների պատճառով, որովհետև դրանց հակազդելու միջոցներ չունեինք, և այլն: Իսկ փողը, պարզվում է, կար: Ու հիմա էլ կա:

Ինչպես Չարենցը կասեր՝ «Իրենց մութ պատերում մի բուռ ոսկի պահած» նախկին էլիտան, պարզվում է, բանկային հաշիվների վրա միլիոններ ուներ, որ վտանգի պահին փորձում էր կանխիկացնել: Երևի, կանխազգալով վտանգը: Իսկ սահմաններում իսկապես լարված է: Խոսքը հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիության մասին չէ, այդ իմաստով իրավիճակը նույնիսկ սովորականից հանդարտ է: Խոսքն այն մասին է, որ մեծ փոթորկից առաջ սովորաբար լռություն է տիրում: Իսկ մենք առաջիկա մեծ պատերազմում կարող ենք ապավինել բացառապես մեր սեփական ուժերին: Եվ պատրաստվելու շատ ժամանակ չունենք: Ուրեմն ի՞նչ անել:

Հիմնական պրոբլեմն այն է, որ հակառակորդը զինվում է, ձեռք է բերում գերժամանակակից հարձակողական զինատեսակներ, և մենք պիտի համապատասխան սպառազինություն ձեռք բերենք: Տասնյակ միլիոնավոր դոլարներն այստեղ չեն օգնի, անհրաժեշտ են հարյուր միլիոնավոր, անգամ՝ միլիարդավոր դոլարներ: Իսկ թե որտեղի՞ց՝ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունն ամեն օր ցույց են տալիս: Այլ ելք չկա, պարզապես պետք է համակարգել այդ աշխատանքը: Եվ նախկին պաշտոնյաների տներից ու նկուղներից հայտնաբերված ճամպրուկներով փողերը անմիջապես փոխանցել հատուկ հիմնադրամին, որի միջոցները կծախսվեն բացառապես բանակի համար ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու նպատակով:

Օրենքի և օրինականության տեսանկյունից այստեղ գուցեև խնդիրներ կան, բայց կրկնում եմ՝ մենք այդքան ժամանակ չունենք: Ու եթե վաղը-մյուս օրը մեծ պատերազմը սկսվի ու պարզվի, որ էլի ժամանակակից սպառազինության պրոբլեմ ունենք, որովհետև փող չունենք, հազիվ թե որևէ մեկին մխիթարի այն արդարացումը, թե չգիտե՞ք, իրականում փողը կար, պարզապես Սաշիկի մոտ «թղթերով ամեն ինչ կարգին էր»:

Հասկանալի է, որ «կուլակաթափությունը» լավ բան չէ, բայց եթե պետությունից թալանվածը պետության ունեցածից շատ է, սա արդեն կուլակաթափություն չէ, սա տարիներ շարունակ պետության թալանով զբաղված հանցավոր խմբավորումից գողոնի առգրավման գործընթաց է:

Ցավոք, մեծ պատերազմի սպառնալիքն այնքան իրական է, որ այլ ելք պարզապես չկա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս