loader

«Ազատ խոսք». Փողի և իշխանության բախումն անխուսափելի է

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք երկրում ստեղծված, մեղմ ասած, անհասկանալի իրավիճակի մասին: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան դատարանի դահլիճից ազատ արձակելու որոշումը հասարակությունը տարակուսանքով ընդունեց: Մարդիկ չեն հասկանում, թե ինչո՞ւ են այսօրվա իշխանությունները, ովքեր տարիներ շարունակ խոսում էին այն ժամանակվա իշխանությունների ահավոր հանցագործությունների մասին, հիմա այդ հանցագործներին բռնում-բաց թողնում, հետո հայտարարում, թե միևնույն է՝ էլի բռնելու են, և այլն:

Հասկանալի է, որ զուտ տեսականորեն՝ նրանց բռնող-բաց թողնողը ոչ թե իշխանություններն են, այլ դատարանները, բայց միևնույն է՝ մարդկանց տարակուսանքն իշխանությունների օգտին չի աշխատում: Ի՞նչ է տեղի ունենում: Սա հասկանալու համար պետք է հիշել, թե ինչպես տեղի ունեցավ իշխանափոխությունը երեքուկես ամիս առաջ: Դրա հաջողության հիմնական գրավականն արագությունն էր: Նիկոլ Փաշինյանը 15-20 հոգով քայլարշավ սկսեց, և ընդամենը 20 օր անց երկրում իշխանափոխություն տեղի ունեցավ: Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները անգամ չհասցրեցին հասկանալ, թե ինչ կատարվեց: Դա նման էր բռնցքամարտի, որտեղ մրցակիցներից մեկը կայծակնային հարվածով գետնին է տապալում մյուսին, ու համարելով, որ նոկաուտի է ենթարկել նրան, սկսում է ռինգով մեկ ցատկոտել ու տոնել իր հաղթանակը: Բայց պարզվում է, որ դա ընդամենը նոկդաուն էր, և մրցակիցը կարողանում է ոտքի կանգնել, քանի դեռ մրցավարը չի հաշվել մինչև տասը:

Հիմա Հայաստանում հենց այդ վիճակն է: Նախկին իշխանությունները, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, դուրս են եկել նոկդաունից, ու երերալով, մի կերպ, բայց ոտքի վրա են: Բայց հարց է՝ իսկ նոր իշխանությունները դո՞ւրս են եկել էյֆորիայից, թե՞ դեռ ռինգում ցատկոտելով՝ տոնում են իրենց հաղթանակը: Նոր իշխանությունների առջև շատ լուրջ ու ուժեղ մրցակից է: Եվ առջևում շատ ծանր մարտ է սպասվում, որովհետև վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ փողը և իշխանությունը տարբեր բևեռներում են: Մինչև հիմա փողը և իշխանությունը միշտ եղել են նույն բևեռում. փողը եղել է իշխանությունների ձեռքին, փող ունեցողներն են եղել են իշխանությունների կողքին: Հիմա մի բևեռում ֆինանսական ռեսուրսներ չունեցող իշխանություններն են, մյուս բևեռում՝ գրեթե անսահմանափակ ֆինանսական ռեսուրսների տիրապետող ուժերը: Եվ դա՝ մի երկրում, որտեղ փողով կարելի է գնել գրեթե ամեն ինչ: Ընդ որում՝ իշխանություններին չի հաջողվում նրանց ձեռքից խլել այդ փողը:

Բայց այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող: Կամ միջոցներ ունեցողները պիտի վերադառնան իշխանության, կամ իշխանությունները պիտի վերադարձնեն այդ միլիարդները: Հակառակ դեպքում ներքաղաքական ցնցումներն անխուսափելի են: Հնարավո՞ր է արդյոք այս հարցը կարգավորել իրավական ճանապարհով: Տեսականորեն՝ հնարավոր է, բայց գործնականում դա կապված է մեծ բարդությունների հետ: Իհարկե, կա նաև այլ տարբերակ: Բայց հարցը «լեռների օրենքով» լուծել չի կարելի: Մենք իրավական պետություն ենք կառուցում: Այնպես որ՝ բոլորիս հետաքրքիր զարգացումներ են սպասվում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս