loader

«Ազատ խոսք». Փոթորիկ մի բաժակ ջրում

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք օրեցօր սրացող քարոզարշավի անթույլատրելի դրսևորումների մասին: Ամեն ինչ սկսվեց Սասուն Միքայելյանի, մեղմ ասած, անհաջող հայտարարությունից (այն մասին, որ համաժողովրդական շարժման հաղթանակն ավելի կարևոր էր, քան արցախյան հաղթանակը): Դրան հաջորդեցին բավականին կոշտ գնահատականներ, այդ թվում՝ Արցախից, հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ի տարբերություն ղարաբաղցի ղեկավարների որդիների՝ իր որդին Ղարաբաղում է ծառայում, Ստեփանակերտից պատասխանեցին, թե և՛ Բակո Սահակյանի որդին, և՛ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին նույնպես Ղարաբաղում են ծառայել:

Մի խոսքով՝ մեծ աղմուկ բարձրացավ: Բանը հասավ այնտեղ, որ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի իշխանություններին կոչ արեց զբաղվել իրենց գործով և չմիջամտել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Կարելի էր սա համարել փոթորիկ մի բաժակ ջրում և անցնել առաջ, որովհետև ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը «ղարաբաղցի ղեկավարներ» ասելով ոչ թե ԼՂՀ իշխանություններին նկատի ուներ, այլ ՀՀ՝ ծագումով ղարաբաղցի պաշտոնյաներին (Ռոբերտ Քոչարյանից սկսած): Քոչարյանի որդին, ի դեպ, նույնպես արձագանքեց ու հայտարարեց, որ ինքը ծառայել է բանակում ու անգամ վրաններում է գիշերել Փամբակի լեռներում: Այսինքն՝ Հայաստանում:

Ինչը, ի դեպ, որևէ կերպ չի նվաստացնում նրա ծառայությունը, որովհետև ի՞նչ տարբերություն՝ ծառայությունը ծառայություն է, ու եթե Աստված չանի, լուրջ պատերազմ սկսվի, բոլորն էլ առաջնագծում են հայտնվելու: Ինչևէ: Այս պատմության մեջ ամենատհաճն այն էր, որ նախ՝ առաջին անգամ հայկական երկու պետությունների ղեկավարների միջև այսպիսի թեկուզ հեռակա, բայց լարված հրապարակային խոսակցություն եղավ, և երկրորդ՝ նորից սկսեց շահարկվել այդ «հայաստանցի-ղարաբաղցի» վտանգավոր թեման: Սա այն դեպքն է, երբ իմաստ չունի անգամ քննարկել, թե տվյալ դեպքում ո՞վ էր ճիշտ՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Բակո Սահակյանը, կամ սա Հայաստանի ներքաղաքական զարգացումներին միջամտելու փո՞րձ էր, թե՞ փորձ չէր: Թեմաներ կան, որտեղ հրապարակային ճիշտ ու սխալ որոշելը բոլոր դեպքերում սխալ է, և արդյունքը ցանկացած դեպքում բացասական է լինելու:

Ենթադրենք՝ լայն քննարկումներ ծավալեցինք և եզրակացրեցինք, որ Նիկոլ Փաշինյանն իրավացի է, Բակո Սահակյանը՝ սխալ: Կամ՝ հակառակը, Նիկոլ Փաշինյանն էր սխալ, ԼՂՀ իշխանություններն են ճիշտ: Եվ ի՞նչ: Դրանից երկու հայկական երկու պետությունները շահելո՞ւ են, թե՞ շահելու են միայն արտաքին թշնամիներն ու դրսի «չուզողները», իսկ երկրի ներսում՝ նրանք, ովքեր պնդում են, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վտանգավոր է Ղարաբաղի համար: Ու փորձում են այդ կարգախոսով հայտնվել խորհրդարանում: Երևի, քաղաքական ուժերն, այնուամենայնիվ, պիտի պայմանավորվեն, որ փակում են այս էջը ու իրար գոտկատեղից ներքև հարվածներ չեն հասցնելու: Իսկապես վտանգավոր է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս