loader

«Ազատ խոսք». Ռոբերտ Քոչարյանի բանկային գաղտնիքը

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունների և չարագուշակ կանխատեսումների մասին: Ռոբերտ Քոչարյանն ընդարձակ հարցազրույց է տվել հայաստանյան թերթերից մեկին և հիմնականում խոսել այսօրվա իշխանությունների տնտեսական քաղաքականության (ավելի ճիշտ՝ այդ քաղաքականության բացակայության) մասին: Դա հասկանալի է. նա փորձում է առաջին հերթին հասարակությանը ներկայանալ որպես նախկին նախագահ, ում օրոք տնտեսությունը երկնիշ աճեր է գրանցել:

Ճիշտ է՝ հետագայում պարզվեց, որ այդ ամենը փուչիկ էր, բայց սա էական չէ: Ուրեմն՝ ի՞նչ է ասում Ռոբերտ Քոչարյանը: Ասում է՝ հանկարծ այնպես չստացվի, որ վերադառնանք 89-90-ական թվականները, երբ ժողովուրդը ելավ փողոց, Ատոմակայանը փակեցինք ու ինքներս մեր գլխին արհեստական էներգետիկ ճգնաժամ սարքեցինք: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը տասը տարի նախագահ է եղել ու չի իմացել, որ Ատոմակայանը փակվել է Սովետական միության օրոք՝ 1989թ. հունվարի 7-ին, երկրաշարժից ուղիղ մեկ ամիս անց, և փակվել է ԽՍՀՄ Մինիստրների սովետի որոշմամբ: Որոշման տակ էլ Մինիստրների սովետի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ստորագրությունն է: Իսկ վերաբացվել է Ատոմակայանը արդեն անկախ Հայաստանում՝ 1995 թվականին, որոշման տակ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունն է:

Ինչևէ, վերադառնանք Ռոբերտ Քոչարյանին: Նա ասում է, որ պետք է առաջին հերթին զարգացնել արդյունաբերական հզորությունները: Ճիշտ է ասում: Բայց դա ասում է մի մարդ, ում նախագահության տասը տարիների ընթացքում Հայաստանի կարևորագույն ձեռնարկություններն ու ենթակառուցվածքները կամ խիստ կասկածելի գործարքներով վաճառվեցին օտարերկրացիներին, կամ պարտքի դիմաց հանձնվեցին Ռուսաստանին: Ընդ որում՝ հայտնի չէ, թե ի՞նչ պարտքի մասին է խոսքը, և ո՞ւմ գրպաններում են հայտնվել այդ գումարները: Փոխարենը հայտնի է Քոչարյանի ընտանիքի պաշտոնապես բիզնեսների ցանկը: Բավականին պատկառելի ցանկ է: Մոտ կես համակարգչային էջ: Միայն ցանկը: Ընդհանուր արժեքն էլ մի քանի տասնյակ միլիոն դոլար է: Խոսքը, հիշեցնեմ, միայն պաշտոնապես Քոչարյանի ընտանիքի անդամներին պատկանող ունեցվածքի մասին է: Այսինքն՝ այն ունեցվածքի, որը պաշտոնապես հնարավոր չէ թաքցնել, որովհետև բանկային հաշիվներ կան, բանկային գործարքներ կան և այլն: Դրա համար էլ Քոչարյանին խիստ մտահոգում է նաև այն, որ բանկային գաղտնիքը Հայաստանում պաշտպանված չէ:

Ասում է, եթե բանկային գաղտնիքը լավ պաշտպանված չէ, ներդրումներ չեն լինի: Իրականում բանկային գաղտնիք ասվածը Հայաստանում լավ էլ պահպանվում է: Պարզապես լինում են դեպքեր, երբ ամբողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած մարդկանց ընտանիքների անդամների մոտ հանկարծ բիզնես-տաղանդ է բացահայտվում, ու բոլորը միանգամից դառնում են մուլտիմիլիոնատերեր: Իսկ իրավապահ մարմինները, չգիտես՝ ինչու, սկսում են վատ-վատ բաներ կասկածել և չարամտորեն քչփորում են այդ ազնիվ պաշտոնյաների բյուրեղյա անցյալն ու բանկային հաշիվները: Ուրիշ ի՞նչ է մնում այդ մարդկանց, եթե ոչ վերադառնալ քաղաքականություն և մտահոգվել տնտեսության ապագայով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս