loader

«Ազատ խոսք». Ռոբերտ Քոչարյանն անցնում է բացահայտ շանտաժի

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու և նրա, ըստ էության, արդեն իսկ սկսված քարոզարշավի մասին: «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու նաև պարզաբանեց, թե հասարակության ո՞ր խավն է լինելու իր հենարանը: Իսկ ավելի վաղ՝ ռուսական HTB հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը փորձել էր, այսպես ասենք, «գաղափարապես հիմնավորել» իշխանության վերադառնալու իր հավակնությունները՝ խոսելով հեղափոխությունների վտանգավոր հետևանքների մասին և հարցը ներկայացնելով այնպես, թե իր հիմնական մտահոգությունը Հայաստանն այդ վտանգներից զերծ պահելն է:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Ռոբերտ Քոչարյանն անառարկելի ճշմարտություններ է ասում: Բայց իրականում պետությունների համար ծանր և վտանգավոր հետևանքներ են ունենում միայն այն հեղափոխությունները, որոնք ակնհայտորեն ուղղորդվում են դրսից, և դրանց արդյունքում այդ պետությունները կտրուկ փոխում են իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումները: Հայաստանի դեպքում դա կարծես թե այնքան էլ այդպես չէ, բայց սա դեռ մի կողմ թողնենք: Վերցնենք հենց Ռոբերտ Քոչարյանի մատնանշած Ուկրաինայի օրինակը: Այո, Ուկրաինան և՛ տարածքային կորուստներ ունեցավ (կորցրեց Ղրիմն ու, ըստ էության, նաև Դոնբասը), և՛ բնակչության կենսամակարդակը կտրուկ անկում ապրեց, և՛ արտագաղթի ալիք բարձրացավ: Բայց դա տեղի ունեցավ հեղափոխությա՞ն պատճառով, թե՞ հակահեղափոխության:

Տեսեք` հեղափոխությունը Ուկրաինայում տեղի է ունեցել շատ վաղուց, երբ Յուշչենկոն դարձավ նախագահ, իսկ Տիմոոշենկոն՝ վարչապետ: Դրանից հետո Ուկրաինան փորձեց պոկվել Ռուսաստանի ազդեցության տիրույթից, բայց ոչ մի տարածքային կորուստներ էլ չեղան, բնակչության սոցիալական վիճակը չվատացավ, երկիրը նորմալ զարգանում էր: Իսկ հետո, երբ Յանուկովիչը Ռուսաստանի աջակցությամբ դարձավ նախագահ, ու, կարելի է ասել, հակահեղափոխությունը հաղթեց, այդ ժամանակ տեղի ունեցավ Մայդանը, երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց, և Ուկրաինան լրջագույն կորուստներ ունեցավ:

Այսինքն՝ այդ կորուստների պատճառը ոչ թե հեղափոխության հաղթանակն էր, այլ՝ հակահեղափոխության: Ինչո՞ւ է Ուկրաինայի օրինակն այսքան արդիական Հայաստանի համար, որովհետև իրավիճակների որոշակի նմանություն կա: Ակնհայտ է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը, ասենք՝ Ռուսաստանի աջակցությամբ ինչ-որ կերպ փորձի վերադարձնել իշխանությանը, ու դա նրան հաջողվի, հարյուր հազարավոր քաղաքացիներ փողոց են դուրս գալու, և լինելու է հայկական Մայդան: Այ, այդ դեպքում իսկապես մեծ է վտանգը, որ կարող ենք լրջագույն կորուստներ ունենալ, այդ թվում՝ տարածքային: Այսինքն, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանն է շանտաժի դիմում և վախեցնում ցնցումներով ու տարածքային կորուստներով, եթե իշխանությունն իրեն չվերադարձնեն: Ու այս վիճակը մեզ ոչ մի լավ բան խոստանում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս