loader

«Ազատ խոսք». Ռուսաստանը չի թաքցնում իր անվստահությունը

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք վաղը կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպման և ընդհանրապես՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ստորջրյա խութերի մասին: Զուգադիպություն էր, թե՝ ոչ, բայց Փաշինյանի մոսկովյան այցից ընդամենը երկու օր առաջ Ռուսաստանն իր տարածքում չեղարկեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի միջազգային հետախուզումը: Ընդ որում՝ պաշտոնապես հայտարարվեց, որ դա արվել է նրա նկատմամբ հարուցված քրեական գործն ուսումնասիրելուց հետո: Իսկ սա շատ լուրջ հարված է հայ-ռուսական հարաբերություններին, և ահա թե ինչու: Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀՀ մայրաքաղաքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ինչ-որ գործողություններ է կատարել, բայց Ռուսաստանն է որոշում՝ իր այդ գործողություններով նա ՀՀ օրենքները խախտե՞լ է, թե՝ ոչ: Խնդիրն այստեղ Միքայել Հարությունյանի անձը չէ:

Ի վերջո, դատարանը պիտի որոշի՝ մեղավո՞ր է նա, թե՝ ոչ: Խնդիրն այն է, որ իր այս պաշտոնական դիրքորոշմամբ Ռուսաստանը հստակ արձանագրում է, որ չի վստահում Հայաստանի դատաիրավական համակարգին և գտնում է, որ հիմա Հայաստանում ոչ թե արդարադատություն է իրականացվում, այլ վենդետա: Այլ կերպ ասած՝ այս որոշմամբ Ռուսաստանը պաշտոնապես միանում է ՀՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի և նրա շրջապատի պնդումներին: Իսկ Հայաստանի իշխանություններին ամենաեռանդուն և երևացող քայլերը հենց իրավապահների բացահայտումների հետ են կապված: Ու եթե Ռուսաստանը չի վստահում այդ քայլերին, նշանակում է՝ չի վստահում Հայաստանի նոր իշխանություններին:

Եվ ընդհանրապես՝ ստացվում է, որ ցանկացած մեկը կարող է Ռուսաստանից գալ, փորձել Հայաստանում սահմանադրական կարգը տապալել ու հանգիստ վերադառնալ Ռուսաստան՝ վստահ լինելով, որ այնտեղ իր նկատմամբ հետապնդում չի իրականացվի: Սա, համաձայնվեք, բարեկամական երկրի դիրքորոշում չէ: Առավել ևս եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, իսկ Զինված ուժերը ներքաղաքական գործընթացների մեջ ներքաշելը Ռուսաստանը, փաստորեն, դատապարտելի չի համարում: Հիմա, փաստորեն, հայ-ռուսական հարաբերություններում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Վարչապետ Փաշինյանն ամեն առիթով հայտարարում է, թե հայ-ռուսական հարաբերությունները ջերմ են ու պիտի ավելի ջերմ լինեն, եղբայրական են ու պիտի լինեն ավելի եղբայրական, իսկ Ռուսաստանը՝ հակառակը ամեն առիթով փորձում է ցույց տալ, որ հայ-ռուսական հարաբերությունները լարված են ու կարող են ավելի լարվել:

Տեսեք՝ Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հատուկ հարցազրույց է տալիս ու խոսում է հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտության մասին, ու նույն օրը՝ նույն ժամին ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարում է, թե Ռուսաստան ոգևորությամբ է հետևում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը: Համաձայնվեք, որ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների նախօրեին կարելի էր նաև ոգևորության այլ առիթներ գտնել: Ինչևէ: Դժվար է ասել՝ կհաջողվի՞արդյոք Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքում փոխել Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նոր իրողությունների նկատմամբ, թե՝ ոչ: Ամեն դեպքում՝ այցից առաջ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ բոլոր մարդասպանները պիտի պատասխանատվության ենթարկվեն, թալանվածն էլ պիտի վերադարձվի ժողովրդին, այլ տարբերակ չկա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս