loader

«Ազատ խոսք». Սաշիկի անպարկեշտ առաջարկը Նիկոլին

Հայաստան 24-ի եթերում կխոսենք կոռուպցիայի դեմ պայքարի առանձնահատկությունների մասին: Սեպտեմբերի 11-ի հայտնի հարնահավաքում, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը խոսեց ապօրինի հարստացածների մասին, և մասնավորապես, Սաշիկ Սարգսյանին կոչ արեց մեկ շաբաթվա ընթացքում վերադարձնել միայն մեկ հաշվեհամարի վրա առկա 30 մլն դոլարը:

Մեկ շաբաթ վերջնաժամկետն ավարտվել է, բայց պետական բյուջեն 30 միլիոն դոլարով համալրվելու մասին տեղեկություններ չկան: Ալեքսանդր Սարգսյանին ասֆալտի վրա փռված վիճակում տեսնողներ՝ նույնպես: Ավելին՝ Սերժ Սարգսյանի եղբայրն ի պատասխան հայտարարել էր, որ իր գումարներն օրինական են, ինքն ամբողջ կյանքում աշխատել է, մի խոսքով՝ «թղթերով ամեն ինչ կարգին է»: Բայց նաև շատ ուշագրավ հայտարարություն էր արել, թե եթե իր ունեցվածքի վրայից կալանքը հանվի, ինքը պատրաստ է օրինական հիմունքներով իրեն պատկանող դրամական միջոցների մի մասն ինքնակամ նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ իրապես հզոր հայրենիք կառուցելու նպատակով:

Ձևակերպումները շատ ուշագրավ են: Ըստ երևույթին՝ եղբոր իշխանության տարիներին էլ էր Ալեքսանդր Սարգսյանն այս նույն ձևակերպումներն օգտագործում: Դե, իհարկե, հո գործարարներին չէ՞ր ստիպում բիզնեսները կիսել իր հետ: Ընդամենը կոչ էր անում օրինական հիմունքներով իրենց պատկանող բիզնեսների մի մասն ինքնակամ նվիրաբերել իրապես հզոր հայրենիքի կառուցման նպատակով: Սերժ Սարգսյանն էլ դա անվանում էր «գործարար ջիղ»:

Հիմա ժամանակները փոխվել են, և Ալեքսանդր Սարգսյանը համաձայն է իր ունեցվածքի մի մասն ինքնակամ նվիրաբերել պետությանը: Պայմանով, որ իշխանությունները պաշտոնապես ընդունեն իր ունեցվածքի մյուս մասի օրինական ծագումը և հանգիստ թողնեն իրեն: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա նորմալ գործարք է:

Իրավապահ մարմինների համար թալանը բյուջե վերադարձնելը բավականին բարդ կլինի, որովհետև «թղթերով ամեն ինչ կարգին է», և Ալեքսանդր Սարգսյանն իշխանություններին առաջարկում է ինչ-որ գումարի դիմաց հեռու մնալ այդ գլխացավանքից: Պարզ ասած՝ ասում է «միևնույն է ոչինչ չեք գտնելու, բայց ես պատրաստ եմ հանուն հայրենիքի լուրջ գումարներ նվիրել, միայն թե ինձ հանգիստ թողեք»: Բայց իրականում սա այնքան էլ անմեղ առաջարկ չէ: Որովհետև եթե իշխանությունները գնան այդպիսի գործարքի և համաձայնվեն Ալեքսանդր Սարգսյանից ինչ-որ նվիրատվություններ ընդունել (թեկուզ՝ պատկառելի գումար), դրա արդյունքում նոր իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում կգրանցի, իսկ դա իր հերթին կմեծացնի նախկին իշխանություների ռևանշի հավանականությունը: Այսինքն՝ ստացվում է, որ Ալեքսանդր Սարգսյանն իրականում պատրաստ է մեծ գումարներ ոչ թե հայրենիքի հզորացման, այլ Նիկոլ Փաշինյանի թուլացման համար: Իսկ մեզ ընդամենը մնում է հուսալ, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է գնել փողով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս