loader

«Ազատ խոսք». Սասուն Միքայելյանի երրորդ նվերը

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք արդեն իսկ մեկնարկած ակնհայտորեն դաժան քարոզարշավի և գոտկատեղից ներքև հարվածների մասին: Քարոզարշավը շատ արագ վերածվեց, իբր, մտահոգների և, իբր, մտահոգության լուրջ պատճառներ չտեսնողների միջև պայքարի, ընդ որում՝ հանրապետականները շեշտը դնում են առաջին հերթին անվտանգային խնդիրների վրա: Եվ այս իրավիճակում (ի դեպ, շատ հարմար պահի) Սասուն Միքայելյանը հանկարծ հայտարարեց, թե համաժողովրդական հեղափոխությունը շատ ավելի կարևոր հաղթանակ էր, քան արցախյան հաղթանակը: Հանրապետականներն էլ, բնականաբար, շտապեցին օգտվել այս նվերից:

Ընդհանրապես, Սասուն Միքայելյանին Աստված տվել, չի խնայել. պարբերաբար սեփական թիմին անհարմար դրության մեջ դնելու հարցում նա բացարձակ առաջատար է: Ասենք՝ նոր իշխանությունները պայքարում են քրեական համակարգի դեմ, իսկ նա քրեական հեղինակության համար երաշխավորագիր է ստորագրում, նոր իշխանությունները պայքարում են ազգականներին պետական կառավարման համակարգում տեղավորելու դեմ, իսկ նա որդուն քաղաքապետ է դարձնում, հիմա էլ ահա արցախյան հաղթանակի մասին այս, մեղմ ասած, տաօրինակ հայտարարությունը: Եթե, օրինակ՝ տրանսպորտի երիտասարդ նախարարն օգտագործում է «փետրվարի 31» արտահայտությունը, կարելի է դա ընդունել որպես լեզվական սայթաքում և անցնել առաջ, բայց կարելի է նաև հեռուն գնացող եզրակացություններ անել. իբր՝ «տեսեք, Հայաստանի իշխանությունները մտադիր են փոխել Գրիգորյան օրացույցը և փետրվարը դարձնել 31 օր»:

Սասուն Միքայելյանի հայտարարության դեպքում ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը նախընտրում է երկրորդ տարբերակը ու հայտարարում է, թե «այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը. իշխանություն Արցախի փոխարեն»: Սա, իհարկե, հարված է գոտկատեղից ներքև, բայց նախընտրական ժամանակահատվածում նման բաներ լինում են: Սասուն Միքայելյանն է մեղավոր, թող խոսելուց առաջ մտածեր: Բայց արդյո՞ք Դավիթ Շահնազարյանի ասածի մեջ տրամաբանություն կա: Արդյո՞ք Հայաստանում ընդհանրապես հնարավոր է «իշխանության Արցախի փոխարեն» տարբերակը:

Սա բացառված է: Հակառակը. Հայաստանում ով խոսել է Արցախը ինչ-որ բանի հետ փոխելու թեկուզ տեսական հնարավորության մասին (կամ անգամ ընդամենը այդ հարցը քննարկելու հնարավորության մասին), կամ կորցրել է իշխանությունը (եթե իշխանության է եղել), կամ դուրս է մղվել քաղաքական դաշտից: Ի՞նչ «իշխանություն Արցախի փոխարեն», եթե ակնհայտ է, որ որևէ իշխանություն նման փորձից հետո մեկ ժամ անգամ չի մնա իշխանության: Ընդ որում՝ սա շատ լավ գիտի և՛ Դավիթ Շահնազարյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի գնա այդ քայլին, և Դավիթ Շահնազարյանը շատ լավ գիտի դա: Մի խոսքով՝ սիրուն չէ: Բայց սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են: Ի դեպ, ծիծեռնակները նույնպես սև ու սպիտակ են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս