loader

«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանի փաստարկները քննության չեն դիմանում

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք հաջորդ վարչապետի հարցում վերջապես կայացած հանգուցալուծման մասին:

Այո, հանգուցալուծումը տեղի ունեցավ: Tert.am կայքին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը փաստորեն պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը, եթե այդպիսի որոշում կայացվի:
Բայց երեկվա իր հարցազրույցում հայտարարեց, թե 2014-ի իր այդ ելույթից անընդհատ մեջբերվող հատվածը համատեքստից կտրված է: Համատեքստից կտրված է, թե կտրված չէ՝ հիմա արդեն երկրորդ-երրորդական նշանակություն ունի: Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը խոսում է իր որոշումը փոխելու մասին, և իր նոր որոշումը հիմնավորելու համար երկու հիմնական փաստարկ է բերում: Առաջինն այն է, որ իր նախորդ որոշումից հետո իրավիճակը փոխվել է, ապրիլյան պատերազմ է եղել, «Սասնա ծռերի» գործողություններ են եղել, և ինքը իրեն պատասխանատու է համարում ապագայի համար ու որոշել է մնալ: Իսկ երկրորդ հիմնավորումը, որի մասին Սերժ Սարգսյանը խոսում է անուղղակիորեն, ժառանգորդի բացակայությունն է (դրա համար էլ ինքը խոստանում է լրջորեն զբաղվել քաղաքական առաջնորդների թրծման գործով):

Փորձենք հերթով քննարկել այս հիմնավորումները: Այո, իսկապես 2014 թվականից հետո իրավիճակ է փոխվել, տեղի են ունեցել ապրիլյան պատերազմն ու «Սասնա ծռերի» գործողությունները: Բայց խնդիրն այն է, որ երկու գործողությունների համար էլ Հայաստանի այսօրվա իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ուղղակի պատասխանատվություն են կրում: Ինչո՞ւ ապրիլյան պատերազմն այդպիսի ծանր հետևանքներ ունեցավ մեզ համար: Որովհետև մեր ռազմավարական դաշնակիցը ժամանակակից սպառազինություն էր մատակարարում Ադրբեջանին, իսկ դա մեր արտաքին-քաղաքական ձախողումն է, որովհետև մեր բանակը 80-ական թվականների զենքով էր կռվում, որովհետև առաջնագիծը թույլ էր կահավորված, և մեր հետախուզությունը ժամանակին չէր ֆիքսել թշնամու զորաշարժերը, որովհետև անգամ դեպքեր էին եղել, երբ բանակը վառելիքի խնդիր էր ունեցել, և հնարավոր չէր եղել գործի դնել զրահատեխնիկայի շարժիչները և այլն: Իսկ գերագույն-գլխավոր հրամանատարը բոլոր այս հարցերի համար ուղղակի պատասխանատվություն է կրում:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին, ապա այնպես չէ, որ նրանք սովորական ահաբեկիչներ էին, ինչ-որ շենք էին գրավել ու պահանջում էին, ասենք, ուղղաթիռ և 5 միլիոն դոլար: Նրանց գործողությունները հետևանք էին այն իրողության, որ Հայաստանում օրինական ճանապարհով, ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել որևէ փոփոխության, և մարդկանց այդ խումբը որոշել էր, որ միակ ձևը զինված ապստամբությունն է: Ու հիմա Սերժ Սարգսյանը փաստորեն ասում է, որ եթե «Սասնա ծռերը» ՊՊԾ չգրավեին՝ ինքը երկրորդ անգամ երկրի ղեկավարի պաշտոնը չէր ստանձնի: Այսինքն՝ «Սասնա ծռերն» են մեղավոր:

Ինչ վերաբերում է քաղաքական նոր առաջնորդների բացակայությանը, կամ որ նույնն է՝ ժաառանգորդ չունենալուն, ապա պետություն ղեկավարելու ունակ առաջնորդները մեկ-երկու տարում չեն պատրաստվում, դրա համար շատ ավելի երկար ժամանակ է պետք: Ու եթե մինչև ապրիլյան պատերազմը Սերժ Սարգսյանն իսկապես որոշել էր, որ 2018-ին պետք է հեռանա, ուրեմն արդեն մինչև ապրիլյան պատերազմը ժառանգորդի հարցը պիտի լուծված լիներ, կամ գոնե պիտի հայտնի լիներ այդ ժառանգորդը: Բայց Սերժ Սարգսյանը նոր միայն պատրաստվում է զբաղվել այդ հարցով: Այսինքն՝ նախապես էր պլանավորել, որ 2018-ին չի հեռանալու: 

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս