loader

«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանն օրենսդրորեն խուսափում է պատասխանատվությունից

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք ապագա վարչապետի պատասխանատվության աստիճանի մասին: 

Այս օրերին հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական հարցը Աերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքային հնարավոր պայքարն է և այն, թե քաղաքական որ ուժերը կմասնակցեն դրան, իսկ ահա ԱԺ-ում օրենսդրական վերջին շտկումներն են կատարվում՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունն օրենսդրությունն առավելագույնս հարմարավետ դարձնելու համար: Ընդ որում՝ հարցն այնպես է ներկայացվում, որ նրան ոչ թե սուպեր-լիազորություններ են տրվում, այլ ամեն ինչ անում են, որ նա սուպերպատասխատատվություն կրի բոլոր ոլորտների համար:  Համենայնդեպս, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հարցը հենց այդպես է ներկայացնում:

Գեղեցիկ է հնչում, իհարկե, միայն թե այդպե՞ս է արդյոք: ԱԺ նույն նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը և այդ օրենքով նախատեսվում է, օրինակ, որ Հայաստանի սահմանների փոփոխության հետ կապված հարցերը պիտի պարտադիր դրվեն հանրաքվեի: Կամ նախատեսվում է, որ վերպետական կազմակերպություններին Հայաստանի անդամակցության և անդամակցությունը դադարեցնելու հարցերը պարտադիր դրվում են հանրաքվեի:

Սկսենք Հայաստանի սահմանների փոփոխության հարցից: Դաշնակցական պատգամավորներից մեկը մեկնաբանել էր դա ու նույնիսկ օրինակ էր բերել, թե, ասենք՝ կարող ենք Արծվաշենը փոխանակել Քյարքիի հետ: Երևի շատ հաջող օրինակ չէր, որովհետև նման փոփոխության համար միայն Հայաստանում հանրաքվե անցկացնելը քիչ է, պիտի նաև Ադրբեջանում հանրաքվե անցկացվի: Որովհետև եթե միայն մեր հանրաքվեով լիներ, Արծվաշենը կփոխարինեինք, ասենք, Բաքվի հետ: Ինչ վերաբերում է վերպետական կազմակերպություններին անդամակցելուն կամ անդամակցությունը դադարեցնելուն, ապա, փաստորեն, ստացվում է, որ Հայաստանը Սերժ Սարգսյանի «գիշերային որոշմամբ» անդամակցեց Մաքսային միությանն ու ԵԱՏՄ-ին, բայց այդ կազմակերպություններից դուրս գալ չի կարող առանց հանրաքվեի: 

Իրականում խնդիրը շատ ավելի խորն է: Տեսեք, թե ինչ է ստացվում: Որո՞նք են Հայաստանի կարևորագույն խնդիրները: Սոցիալ-տնտեսական վիճակ և արտաքին քաղաքական մարտահրավերներ, այսինքն՝ Արցախյան հիմնախնդիր, որը կարող է հանգեցնել տարածքային փոփոխությունների, Հայաստանի հարկադրված անդամակցություն վերպետական կառույցներին և այլն: Սոցիալ-տնտեսական վիճակի համար պատասխանատու է լինելու առաջին փոխվարչապետը, հիմա դա արդեն ակնհայտ է: Իսկ արտաքին քաղաքական կարևորագույն որոշումների համար, փաստորեն, պատասխանատու է լինելու ժողովուրդը, որովհետև որոշումները կայացվելու են հանրաքվեի միջոցով: Իհարկե, այդ պատասխանատվությունը զուտ ձևական է լինելու, որովհետև մենք տեսել ենք ու գիտենք, թե ինչպես են նկարվում հանրաքվեների արդյունքները: Գիտենք, թե իրականում իշխանություններն ինչքան տոկոս ուզում՝ խփում են, բայց դա ներկայացվում է որպես ժողովրդի ազատ կամարտահայտում: Իսկ հաջորդ վարչապետը հանգիստ կարող է ասել, որ անձամբ ինքը դեմ էր դրան, ինչպես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեպքում: Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանն ինքը նախաձեռնեց այդ փոփոխությունները, ինքը հայտարարեց, որ դեմ է այդ փոփոխություններին, իր ղեկավարած կուսակցությունը կեղծեց հանրաքվեի արդյունքները ու դա ներկայացվեց որպես ժողովրդի ազատ կամարտահյտում:

Հանրաքվեի մասին օրենքով հենց պատասխանատվության հարցն է կարգավորվում: Հաջորդ վարչապետը հանգիստ կարող է ասել, թե ինքը պատասխանատվություն չի կրում, ժողովուրդն է հանրաքվեով համաձայնվել, որ Հայաստանի սահմանները փոխվեն, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չգա, որ դառնա ինքնավար հանրապետություն Ռուսաստանի կազմում և այլն:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս