loader

«Ազատ խոսք». Սև տրանսֆերների տոկոսը

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք, այսպես կոչված, «խոպանի հարկի» մասին: Ինչի՞ մասին է խոսքը:

Կառավարությունը այսպիսի մի գաղափար ունի (առայժմ ընդամենը գաղափար). լավ կլինի, որ 2020թ. սկսած ՀՀ 18-65 տարեկան բոլոր քաղաքացիները պարտադիր եկամուտների հայտարարագիր ներկայացնեն: Այս գաղափարը, բնականաբար, հասարակական շատ լայն արձագանք է ստացել, մեծ աղմուկ է բարձրացրել: Ու քանի նախընտրական ժամանակահատված է՝ քաղաքական ուժերը չէին կարող բաց թողնել այս հրաշալի առիթը իշխանություններին քննադատելու համար: Եվ բոլոր կողմերից ահազանգեր են հնչում, թե ահա նոր իշխանությունները մտադիր են մինչև վերջ քերթել ժողովրդի կաշին և 23 տոկոս եկամտահարկով հարկել անգամ այն գումարները, որոնք արտագնա աշխատանքի մեկնածներն ամեն անգամ ուղարկում են իրենց ընտանիքներին:

Եթե իսկապես նման բան տեղի ունենա, դա չտեսնված խայտառակություն կլինի, որովհետև Ռուսաստանում կամ Ամերիկայում աշխատող մեր հայրենակիցներն այնտեղ այսպես թե այնպես այդ հարկերը վճարում են, բացի այդ էլ, Հայաստանում այդ գումարները ստացողները այդ փողը ծախսելու են ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու համար, ու դրանց գների մեջ հարկերն արդեն իսկ ներառված են, այսինքն՝ այդ գումարների մի մասը էլի մտնելու է մեր բյուջեն:

Եվ հետո բանկերը դրանից լրջորեն կտուժեն, որովհետև մարդիկ, ովքեր դրսից բանկերի միջոցով փող էին ուղարկում, հիմա պարզապես այդ փողն իրենց հետ կանխիկ կբերեն կամ կուղարկեն ընկեր-ծանոթների միջոցով: Արդյունքում՝ պետությունն այդ մասին չի էլ իմանա, իսկ բանկերը կզրկվեն միջնորդավճարներից, այսինքն՝ եկամուտների կորուստ կունենան: Այլ կերպ ասած՝ այս գաղափարը (այն ձևով, ինչպես ներկայացվում է լրատվամիջոցներում ու սոցկայքերում), հիմարություն է:

Եվ ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ նման բան չի լինելու, դա բացառված է, դրսից ուղարկվող մասնավոր տրանսֆերները չեն հարկվելու, որովհետև հայտարարագրելը մի՛ բան է, դրանից հարկեր վճարելը՝ բոլորովին այլ բան: Եվ ընդհանրապես՝ Հայաստանը բազմաթիվ երկրների հետ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրեր ունի և ձգտում է ունենալ բոլոր երկրների հետ: Իսկ ընդդիմախոսները չեն հավատում և ասում են՝ չէ, դուք հիմա խաբում եք, որ մարդիկ իրենց եկամուտները հայտարարագրեն, իսկ հետո ստիպելու են, որ եկամտահարկ վճարեն: Բայց կան նրբերանգներ, որոնց մասին կողմերը գերադասում են չխոսել: Առավել ևս ընտրություններից առաջ:

Օրինակ՝ որքանո՞վ է արդարացի, որ, ասենք, արտագնա աշխատանքի մեկնողը դրսում վաստակի ամսական հազար դոլար, իսկ նրա ընտանիքը Հայաստանում նպաստ ստանա, իսկ մի ուրիշը Հայաստանում աշխատի, ամսական վաստակի, ասենք, 100.000 դրամ, ու նրա ընտանիքը նպաստ չստանա: Կամ, ասենք, Հայաստանում որևէ պաշտոնյա, իբր, միայն աշխատավարձով ապրելով միլիոններ ծախսի ու հարցերի դեպքում հայտարարի, թե գիտե՞ք՝ ազգականներս են դրսից որպես օգնություն ուղարկել: Այսինքն՝ իրականում խնդիրը կա, և ինչ-որ լուծում գտնել պետք է: Բայց այնպես, որ դրսում աշխատող մեր հարյուր հազարավոր հայրենակիցներն ու նրանց ընտանիքները չտուժեն:

Ի վերջո, լավ օրից չէ՝ դրսում են աշխատանք փնտրում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս