loader
«Ազատ խոսք». Սկսելու են իրար դեմ ցուցմունքներ տալ

«Ազատ խոսք». Սկսելու են իրար դեմ ցուցմունքներ տալ

Կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացնելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրավապահներին հանձնարարել է զբաղվել Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցով: Ու նաև ընդգծեց՝ քանի դեռ Մարտի 1-ը բացահայտված չէ ինքն իրավապահ համակարգի գործունեությունը բավարար գնահատել չի կարող: Սա նշանականում է, որ եթե Մարտի 1-ը չբացահայտվի, իրավապահ համակարգը նոր ղեկավարներ է ունենալու:

Նախօրեին էլ լրատվամիջոցներից մեկը տեղեկություններ հրապարակեց, որոնց համաձայն՝ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, և նա այդ հարցաքննության ժամանակ ասել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է անձամբ Ռոբերտ Քոչարյանից՝ հեռախոսով: Ու ինքն էլ իր ապահովության համար այդ հեռախոսազրույցը ձայնագրել է: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ շատ արագ հերքեց դա՝ հայտարարելով, թե նման հեռախոսազրույց ընդհանրապես չի եղել ու խոստացավ դատի տալ այդ լրատվամիջոցին:

Փորձենք հասկանալ: Թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-ին, բոլորս ենք հիշում: Հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց, և ինչ-որ պահի ստեղծվեց մի իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ապագան կախված էր բացառապես Ներքին զորքերի գործողություններից: Ներքին զորքերն ամբողջ կազմով նետված էր ցուցարարների դեմ, և Գրիգոր Գրիգորյանը, բնականաբար, նույնպես գտնվում էր այնտեղ, գտնվում էր իր ենթակաների կողքին: Հիմա ի՞նչ եք կարծում՝ այդ ամբողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ուղիղ հեռախոսային կապի մե՞ջ էր Գրիգոր Գրիգորյանի հետ, թե՞ իր համար հանգիստ նստած հեռուստացույց էր նայում, իսկ Գրիգոր Գրիգորյանը 15 րոպեն մեկ իրադարձությունների վայրից վազում էր նախագահական, անձամբ զեկուցում իրավիճակն ու վերադառնում: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ ամբողջ ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանն ուղիղ կապի մեջ է եղել Ներքին զորքերի հրամանատարի հետ, այսինքն՝ ոչ թե մեկ, այլ բազմաթիվ այդպիսի հեռախոսազանգեր են հնչել, ձայնագրվե՞լ են այդ խոսակցությունները, թե՝ ոչ, կամ ցուցարարների վրա կրակելու ուղիղ հրաման հնչե՞լ է, թե՝ ոչ, բոլորովին այլ հարց է, և շատ լավ է, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատրաստվում է դատի տալ այդ լրատվամիջոցին, որովհետև դա շատ հետաքրքիր դատավարություն կլինի, և կարող են բազմաթիվ փաստեր ի հայտ գալ: Առավել ևս Ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանն այն ժամանակ չի հարցաքննվել: Մարտի 1-ի փաստահավաք խումբը չի կարողացել հասնել դրան: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, այն ժամանակ ցուցարարների վրա կրակելու պատասխանատվությունն անուղղակիորեն հենց Գրիգոր Գրիգորյանի վրա դրեց՝ հայտարարեց, որ հրաման տալու կարիք չկար, օրենքը ոստիկանությանը թույլ էր տալիս տեղում գնահատել իրավիճակը և ըստ այդմ՝ զենք կիրառելու որոշում ընդունել: Այսինքն՝ Ներքին զորքերի հրամատարությունն ինքնուրույն է այդպիսի որոշում ընդունել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս