loader

«Ազատ խոսք». Տեղի է ունենում «աշխատանքի բաժանում»

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք իշխանական համակարգի հնարավոր վերադասավորումների մասին: Եվ այսպես, նոր Ազգային Ժողովի ղեկավար կազմը կարծես թե ուրվագծվում է: Ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահ կընտրվի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ՝ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: ԱԺ-ում կմնան նաև մշակույթի նախարարը, սփյուռքի նախարարը և այլն: Բայց մեծ հաշվով բոլորի համար էլ հասկանալի է, որ էականն այն չէ, թե ովքեր կլինեն խորհրդարանում, էականն այն է, թե ովքեր չեն մնա կառավարությունում, որովհետև ակնհայտ է, որ ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունն աշխատելու է բոլորովին նոր իրավիճակում, և այդ կառավարության առջև բոլորովին այլ խնդիրներ են դրվելու:

Այսպիսով՝ հեղափոխական թիմի ամենավառ ներկայացուցիչները (Արարատ Միրզոյան, Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան, Լիլիթ Մակունց) տեղափոխվելու են Ազգային ժողով: Սա նշանակում է, որ կամ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է գործադիր համակարգում նրանց աշխատանքից, կամ գտնում է, որ ԱԺ կազմը բավականին խայտաբղետ է, և այդ կազմին վերահսկելու համար լուրջ ուժեր են պետք: Կամ էլ Նիկոլ Փաշինյանը խնայում է իր քաղաքական թիմի ամենաերևացող անդամներին, որովհետև գործադիր իշխանությունն առաջիկայում ակնհայտ դժվարություններ է ունենալու և հայտնվելու է ամենասուր քննադատությունների թիրախում: Նախանշաններն արդեն կան:

Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագները գործելու են մինչև դեկտեմբերի 31-ը, և մամուլում արդեն տեղեկություններ են հայտնվում, թե ռուսական կողմը մտադիր է Հայաստանի սահմանին 1000 խորանարդ մետր գազը այսօրվա 150 դոլարի փոխարեն վաճառել 215 դոլարով: Փոխվարչապետ Ավինյանի աշխատակազմից էլ պարզաբանել են, որ վերջնագրի մասին խոսք լինել չի կարող, իսկ բանակցություններն ընթացքի մեջ են: Ամենայն հավանականությամբ, իրականությունն այն է, որ ռուսական կողմն իսկապես փորձում է բարձրացնել գազի գինը, մերոնք դիմադրում են, ու դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվի այս ամենը: Բայց մի բան ակնհայտ է՝ ինչ հանգուցալուծում էլ ունենա այս իրավիճակը, տնտեսական հետևանքները ցավոտ են լինելու: Որովհետև եթե անգամ ռուսական կողմն իսկապես սահմանի վրա բարձրացնի գազի գինը և դարձնի, ասենք, 180 դոլար, միևնույն է՝ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի սպառողների համար գազը չթանկանա: Իսկ դա նշանակում է լուրջ կոնֆլիկտ «Գազպրոմ-Արմենիա» ընկերության հետ, դա նշանակում է, որ այդ ընկերության շահույթները կտրուկ նվազելու են, հետևաբար՝ նվազելու են նաև պետությանը վճարվող հարկերը, տուժելու է գազամատակարարման որակը, և այլն: Եվ այդ ամենը կարող է հանգեցնել սոցիալական դժգոհությունների:

Դրանից խուսափելու համար գործադիր իշխանությունը պիտի փորձի կարգավորել հարաբերությունները ԵԱՏՄ անդամ երկրների հետ: Իսկ խորհրդարանը պիտի լինի, պայմանականորեն ասած, ավելի «արևմտամետ» ու փորձի բալանսավորել Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Ըստ երևույթին՝ հենց սա է պատճառը, որ «Իմ քայլը» դաշինքի ամենաերևացող դեմքերը գործուղվում են խորհրդարան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս