loader

«Ազատ խոսք». Թիկունքից հասցված հարվածն ամենավտանգավորն է

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք մի քանի համայնքներում արդեն կայացած ՏԻՄ ընտրությունների և առաջիկայում կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին: Հայաստանի քաղաքներում տեղի ունեցան քաղաքապետերի ընտրություններ, և գերիշխող տեսակետն այն է, որ նոր իշխանությունները 3 քաղաքներում հաղթեցին, իսկ Կապանում անսպասելի պարտություն կրեցին: Իրականում դա այդպես չէ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կապանում պարտվեց, բայց մեծ հաշվով՝ նոր իշխանությունները հաղթեցին, նոր Հայաստանը հաղթեց, որովհետև նորմալ ընտրություններ անցկացվեցին, և իշխանությունները վարչական ռեսուրսներ և տարատեսակ ճնշումներ չկիրառեցին:

Սա այն էր, ինչ տարիներ շարունակ բոլորս երազում էինք: Իսկ ահա Հրազդան քաղաքում նոր իշխանությունները ջախջախիչ պարտություն կրեցին, նոր Հայաստանը պարտվեց: Ճիշտ է՝ հաղթող թեկնածուն «ՔՊ» վարչության նախագահի որդին էր, բայց դա Հայաստանի պարտությունն էր. հենց միայն այն պատճառով, որ հաղթողն ինչ-որ մեկի որդին էր: Դպրոցը նոր ավարտած, համարյա երեխա, ով լրագրողների առջև անգամ տանը անգիր արած նախադասությունը չէր կարողանում ճիշտ արտասանել ու անընդհատ հայտարարում էր, թե օրենքը բոլորիս առջև հավասար է: Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե ոչ թե օրենքն է բոլորիս առջև հավասար, այլ բոլորս ենք օրենքի առջև հավասար: Ինչևէ: Քաղաքապետերի հարցում Հրազդանի բախտը երբեք էլ առանձնապես չի բերել, բայց՝ ոչինչ. պինդ, արդյունաբերական քաղաք է, այս փորձանքին էլ կդիմանա:

Պարզապես արձանագրում ենք, որ իր այդ քայլով Սասուն Միքայելյանը, երևի, Նիկոլ Փաշինյանին ավելի մեծ վնաս տվեց, քան տվել էին հանրապետականները՝ իրենց տարատեսակ սաբոտաժներով: Իսկ այս թեմային անդրադառնում ենք, որովհետև առջևում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են, Փաշինյանի կուսակցությունը նախընտրական ցուցակ է ներկայացնելու, և չի բացառվում, որ էլի գտնվեն Սասուն Միքայելյանի նման գործիչներ, ովքեր կփորձեն օգտվել առիթից և իրենց հարազատներին ու մերձավորներին խցկել խորհրդարան: Համարելով, որ իրենց արժանիքները լիուլի բավարար են նաև իրենց մերձավորների համար: Իսկ դա կարող է շատ լուրջ վնաս հասցնել և իշխող կուսակցության վարկանիշին, և դրանով իսկ՝ արժեքային հեղափոխությանն ընդհանրապես:

Պարզ ասած՝ մի քանի հոգի հանուն իրենց անձնական ամբիցիաների կարող են վտանգել այն, ինչի համար պայքարում էր ամբողջ ժողովուրդը: Ընդ որում՝ պայքարում էր ոչ միայն թավշյա հեղափոխության օրերին, այլև դրանից էլ շատ առաջ: Տարիներ շարունակ: Նաև այն ժամանակ, երբ նույն Սասուն Միքայելյանը և էլի ուրիշները նախկին իշխանական համակարգի մաս էին կազմում: Ամեն դեպքում՝ լավ է, որ այս ամենը տեղի է ունենում խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ: Իշխանությունները հետևություններ անելու ժամանակ կունենան և ավելի մտածված կադրային քաղաքականություն կիրականացնեն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս