loader

«Ազատ խոսք». Վարչապետի աթո՞ռ, թե՞ Մսրա Մելիքի փռած գորգը

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք երկրում ձևավորված ֆորսմաժորային իրավիճակի առանձնահատկությունների մասին:

Իրավիճակն իսկապես տաօրինակ է: Մայիսի 8-ին ՀՀԿ-ն անսպասելիորեն հայտարարեց, որ աջակցելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, և մայիսի 8-ին Հայաստանն ունենալու է օրինականորեն ընտրված վարչապետ: Շատերը սա գնահատեցին ՀՀԿ-ի անվերապահ կապիտուլյացիա, ուրիշները կարծիք են հայտնում, որ մայիսի 8-ին ՀՀԿ-ն կարող է «քցել» Փաշինյանին, և այլն: Ի՞նչ է տեղի ունենում իրականում:

Սկսենք նրանից, որ ՀՀԿ այսպես ասած քաղաքական թևի ներկայացուցիչները հերթով հայտարարում են, որ անձամբ իրենք դեմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, բայց ՀՀԿ-ն շարունակում է միասնական մնալ, և մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվելու է վարչապետ: Այնպիսի տպավորություն է, թե ՀՀԿ-ում վիճակահանություն են արել կամ գիր-ղուշ գցելով որոշել են, թե ովքեր պիտի կողմ քվեարկեն, և ովքեր՝ դեմ:

Այս դիրքորոշումը, կամ, եթե կուզենք, խորամանկ մարտավարությունը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն ամենևին էլ կապիտուլյացիայի չի ենթարկվել և նոր իրավիճակում շարունակում է խաղը՝ ունենալով բավականին ուժեղ խաղաթղթեր: Իմաստը հետևյալն է:

Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետ, բայց՝ լինի փոքրամասնության վարչապետը, խորհրդարանում կայուն մեծամասնություն չի ունենա: Դրանից հետո 15 օրվա ընթացքում կներկայացնի կառավարության կազմը, և հնարավոր է՝ թիմի ներսում հիասթափություներ լինեն, որովհետև պորտֆելները քիչ են, իսկ հավակնություններ ունեցողները՝ շատ: Հետո կառավարությունը կներկայացնի ծրագիրը, և ՀՀԿ-ական մեծամասնությունը սուսուփուս հավանություն կտա այդ ծրագրին: Այսինքն՝ խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու առիթ չի տա: Ի՞նչ պիտի անի այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Խորհրդարանում կայուն մեծամասնություն չունենալով՝ կառավարությունը ստիպված կլինի ցանկացած օրենսդրական նախաձեռնության համար կռիվ տալ մեծամասնության հետ ու փորձել հաղթահարել սաբոտաժը: Իսկ ընտրական օրենսգիրքը փոխել ընդհանրապես հնարավոր չի լինի:

Այս գործընթացը կարող է տևել ամիսներ, իսկ ժողովուրդը նոր փոփոխություններ չի տեսնի և ինչ-որ չափով կհիասթափվի: Որովհետև հնարավոր չէ փոփոխություներ իրականացնել, եթե խորհրդարանական մեծամասնությունը դեմ է դրանց: Այդ հիասթափության պայմաններում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը կարող է այսօրվա աջակցությունը չունենալ: Սա մոտավորապես այն մարտավարությունն է, որը որդեգրել է ՀՀԿ-ն, և որն ըստ էության լավ մտածված ծուղակ է համաժողովրդական շարժման լիդերների համար:

Բայց այս մարտավարությունը կարող է աշխատել միայն այն դեպքում, եթե ՀՀԿ-ն շարունակի միասնական մնալ, ինչը խիստ կասկածելի է: ՀՀԿ-ն, իհարկե, ունի քաղաքական թև, բայց այդ թևը փոքրամասնություն է անգամ խմբակցության ներսում: Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս ծուղակից խուսափելու համար պետք է ընդամենը խորհրդարանում ձևավորել թեկուզ ժամանակավոր, բայց կայուն մեծամասնություն: Այսինքն՝ բոլոր այն հանրապետական պատգամավորները, ովքեր մայիսի 8-ին քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին, պիտի դա անեն ոչ թե կուսակցության որոշմամբ, , այլ իրենց ընտրողների պահանջով: Եվ հետագայում էլ պիտի աջակցեն նրան, և ոչ թե քվեարկեն նոր կառավարության բոլոր նախաձեռնություններին:

Հակառակ դեպքում կստացվի, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ցանկանում է տեսնել վարչապետի աթոռին,իսկ ՀՀԿ-ն Մսրա Մելիքի պես նրան հրավիրում է նստել խորհրդարանին փռված գորգի վրա:

Ամբողջական՝ տեսանյութում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս