loader

«Ազատ խոսք». Վատ պարողին խանգարող հանգամանքները

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք ընտրությունների արդյունքների և ձախողվածների արդարացումների մասին: Եվ այսպես՝ ընտրությունների ամենամեծ ինտրիգը. ՀՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից: Այն ուժը, որի քաղաքական թևի ներկայացուցիչները հայտարարում էին, թե դեպի իշխանություն տանող ճանապարհը դեռ երկար ժամանակ անցնելու է Մելիք-Ադամյանով, արտահերթ ընտրություններում այդ կուսակցության հավաքած 4,7 տոկոսը շատերին զարմացրեց. շատերի կարծիքով՝ ՀՀԿ-ն հազիվ 1,-1,5 տոկոս ստանար:

Ամեն դեպքում՝ հանրապետականները սա գնահատում են որպես պարտություն և համարում են, որ պարտության պատճառը ոչ թե իր տասնամյա խայտառակ գործունեությունն էր ու հասարակության ընդգծված բացասական վերաբերմունքը, այլ իշխանությունների կողմից իրականացված ճնշումները: Այդ կուսակցության օդիոզ թեկնածուներից մեկն անգամ հայտարարեց, թե ընտրությունները նման էին բռնցքամարտի, որտեղ ռինգում բռնցքամարտիկներից մեկի ձեռքերը կապում են ու ասում՝ «դե, կռվի»:

Ըստ նրա՝ իշխանությունները ՀՀԿ-ի ձեռքերը կապել էին, դրա համար էլ իրենք պարտվեցին: Թե հատկապես ի՞նչն է խանգարում վատ պարողին՝ քաղաքական դաշտում, իհարկե, բոլորը գիտեն, բայց ՀՀԿ ներկայացուցիչն ինչ-որ իմաստով իրավացի է: Իշխանություններն իսկապես առանձնակի դաժանությամբ կապկպել էին հանրապետականների ձեռքերը և թույլ չէին տալիս փող բաժանել, այսինքն՝ նրանց զրկել էին իրենց հիմնական զենքից: Ավելին՝ թույլ չէին տվել անգամ, որ դրսում գտնվող մեր հարյուր հազարավոր հայրենակիցները «քվեարկեն» Հանրապետականի օգտին:

Համաձայնվեք, որ սա իսկապես շատ ծանր քաղաքական հալածանք է, և հանրապետականները հանգիստ կարող են դիմել միջազգային ատյաններին: Բայց ձեռքերը կապելը միակ մեղադրանքը չէ: Հանրապետականները որպես իշխանությունների կողմից իրենց նկատմամբ իրականացվող աննախադեպ ճնշումների ապացույց ներկայացնում են այն փաստը, որ հանրապետական բազմաթիվ գյուղապետերի ու համայնքապետերի ստիպել են դուրս գալ ՀՀԿ-ից: Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ էին ժամանակին այդ համայնքապետերը անդամագրվել ՀՀԿ-ին: Որովհետև կիսո՞ւմ էին այդ կուսակցության գաղափարախոսությունը, թե՞ պարզապես չէին կարող պաշտոն զբաղեցնել, եթե ՀՀԿ անդամ չլինեին: Այսինքն, եթե խոսում եք պարտադրանքի մասին, ապա ակնհայտ է, որ պարտադրանքը եղել է նախկինում, ու հիմա ՀՀԿ անդամատոմսերը շպրտող համայնքապետերը պարզապես ազատվում են այդ պարտադրանքից: Սա, իհարկե, չի նշանակում, թե նախկին հանրապետական այդ համայնքապետերը միանգամից փոխվել ու դարձել են ազատատենչ քաղաքացիներ: Հասկանալի է, որ նրանցից շատերը երեկ հանրապետական էին, այսօր հաճույքով կդառնան «ՔՊ» անդամներ, վաղը կանդամակցեն մեկ այլ կուսակցության, և այլն:

Մարդու այդ տեսակը երբեք չի վերանում: Բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է՝ պարտադրանք կա՞, թե՞ չկա: Եվ մարդու այդ տեսակը, որ ՀՀԿ-ի օրոք պահանջված էր, «Իմ քայլը» դաշինքի կողմից պահանջվա՞ծ կլինի, թե՝ ոչ: Հույս ունենանք, որ պահանջված չի լինի: Այ այդ դեպքում կարող ենք ասել, որ ՀՀԿ-ի ժամանակաշրջանը անցյալում է վերջնականապես:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս