loader

«Ազատ խոսք». Իսկ ինչո՞ւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չպահանջել

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք «Հանուն Հայաստան պետության» ճակատի գործունեության և հնարավոր արդյունքների մասին:

«Հանուն Հայաստան պետության» ճակատն, ինչպես հայտնի է, իր առջև խնդիր է դրել կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը ապրիլի 9-ից հետո, և մարտի 10-ին Ազատության հրապարակում բավականին տպավորիչ հանրահավաք էր կազմակերպել: Հանրահավաքը սպասվածից ավելի մարդաշատ էր, ելույթ ունեցողներն էլ հիմնականում ինչ ասում էին՝ ճիշտ էին ասում: Բայց ե՛ւ քաղաքական, ե՛ւ փորձագիտական շրջանակներում գերիշխում է այն տեսակետը, որ նման շարժումով հաջողության հասնելու շանսերը չնչին են: Այն պարզ պատճառով, որ հաջորդ վարչապետին ընտրելու է Ազգային Ժողովը, իսկ ԱԺ-ում ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի:

Ի՞նչ կարող է անել այս իրավիճակում ընդդիմությունը, տվյալ դեպքում՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատը (թեև շատ հավանական է, որ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնական առաջադրումից հետո այլ ընդդիմադիր ուժեր նույնպես միանան ճակատին): Բանն այն է, որ ընդդիմությունը ԱԺ-ում տեղի ունենալիք քվեարկության վրա ազդելու իրավական լծակներ չունի, բայց փոխարենը՝ բոլոր հիմքերն ունի արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելու համար:

Հիմնավորումը բոլորի համար հասկանալի է: Խորհրդարանական ընտրությունները անցկացվել են մի իրավիճակում, երբ ուժի մեջ էր Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ ինքը վարչապետի պաշտոնին չի հավակնելու: Ընդ որում՝ նա միակ հանրապետականն էր, ով այդպիսի բան էր ասել, իսկ դա նշանակում էր, որ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում ՀՀԿ-ից ով ասես կարող է դառնալ վարչապետ, բացի Սերժ Սարգսյանից: Իսկ ընտրություններից հետո, պարզվեց, որ ճիշտ հակառակը՝ ՀՀԿ-ում որևէ մեկը չի հավակնում վարչապետի պաշտոնին, բացի Սերժ Սարգսյանից: Այսինքն՝ մարդիկ գնացել ու ձայն են տվել ՀՀԿ-ին (եթե տվել են)՝ վստահ լինելով, որ հաջորդ վարչապետն ուրիշ մարդ է լինելու, իսկ հետո պարզվել է, որ իրենց խաբել են: Պատկերավոր ասած՝ այլ փաթեթավորմամբ իրենց բոլորովին այլ ապրանք են վաճառել:

Իսկ ինչպե՞ս կվարվեին մարդիկ, եթե, ասենք, խանութից մի տուփ կարագ գնեին, ու տանը պարզեին, որ տուփի մեջ ոչ թե կարագ է, այլ, ասենք, փայտի կտոր կամ պլաստիլին: Բնականաբար՝ կվերադառնային խանութ և կպահանջեին անվավեր համարել գործարքը և վերադարձնել: Կամ պատկերացրեք՝ նախագահի ընտրություններ են, մարդիկ գնում են ու ձայն տալիս իրենց նախընտրած թեկնածուին, նա հավաքում է 50 տոկոսից ավելի, բայց հանկարծ հայտարարվում է, որ նրա փոխարեն ուրիշն է նախագահ դառնալու: Ինչպե՞ս կվարվեին մարդիկ: Ճիշտ է, կպահանջեին նոր ընտրություններ: Ընդ որում՝ մարդիկ այդպես կվարվեին աշխարհի ցանկացած երկրում, այսինքն՝ ամբողջ աշխարհի համար սա հասկանալի է: Հիմա Հայաստանում ճիշտ այդ վիճակն է, և արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը ընկալելի կլինի ամբողջ աշխարհի համար:

Ուրիշ հարց է՝ արդեն իսկ խորհրդարան մտած ուժերը կցանկանա՞ն նոր ընտրություններ պահանջել դրանով իսկ վտանգել իրենց ներկայիս վիճակը, թե ոչ:

Այնպես որ՝ ձևերը կան, խնդիրը ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության կայացումն է:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս