loader

«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանին «ազգովի խնդրելու» տարբերակների մրցույթը շարունակվում է

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք քաղաքական համակարգի անցումային փուլի և սրընթաց զարգացումների մասին:

Խորհրդարանն այսօր 90 կողմ և 10 դեմ ձայներով Հայաստանի չորրորդ նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին: Հիմա Հայաստանը փաստորեն երկու նախագահ ունի: Բայց Հայաստանը կարող է թեկուզ տասը նախագահ ունենալ: Միևնույն է՝ ընդամենը մի քանի շաբաթ անց միանձնյա իշխանություը պատկանելու է հաջորդ վարչապետին: Ամեն ինչ պատրաստ է, մնում է միայն մի տեխնիկական խնդիր. ինչպե՞ս հաղթահարել այն տհաճ իրողություն, որ 2014 թվականին Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարել է, թե խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնին, և ընդհանրապես՝ համոզված է, որ երկու ժամկետից ավել երկիրը ղեկավարելը սխալ է:

ՀՀԿ-ում այս տեխնիկական խնդրի լուծման ուղղությամբ ակտիվորեն աշխատում են, և մի քանի տարբերակներ արդեն առաջարկվել են: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, օրինակ, հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը շարքային կուսակցական է և պարտավոր է ենթարկվել կուսակցության որոշումներին, իսկ կուսակցությունն ինքն է որոշում, թե ով պիտի աշխատի: Այսինքն, Վահրամ Բաղդասարյանի առաջարկած լուծումը հետևյալն է. հարցը ներկայացնել այնպես, որ Սերժ Սարգսյանը իր խոսքի տերն է, չի ուզում դրժել իր խոսքը, բայց ստիպված է ենթարկվել կուսակցության որոշմանը:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այլ լուծում է առաջարկում: Ու հայտարարում է, թե Չերչիլն ու Շարլ դը Գոլը նույնպես ժամանակին հայտարարություններ են արել, բայց հետո հակառակ քայլերն են կատարել՝ հանուն պետական շահերի: Այսինքն՝ Շարմազանովի առաջարկած տարբերակ էությունն էլ այն է, որ Սերժ Սարգսյանը, ճիշտ է, դրժում է խոստումը, բայց դա անում է հանուն պետական շահի: Նույնպես վատ չի հնչում:

Իսկ ահա հանրապետական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն առաջարկում է հարցին նայել ռազմահայրենասիրական տեսանկյունից:

Այսինքն՝ եթե հանկարծ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Սերժ Սարգսյանը չհամաձայնվի ստանձնել վարչապետի պաշտոնը, մեր ազնիվ ցեղը պիտի կորչի-վերանա: Զորավոր փաստարկ է իհարկե, պարզապես անհասկանալի է մնում, թե հայ ժողովուրդն ինչպես է հազարամյակների խորքից հասել մեր օրերը, եթե Սերժ Սարգսյանը 10 տարի առաջ է ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:

Ամեն դեպքում՝ փաստն այն է, որ խնդիրը կա, և հանրապետականներից ով ինչպես կարողանում է՝ փորձում է գտնել այդ խնդրի լուծումը, իսկ Սերժ Սարգսյանն առայժմ սպասում է: Մինչև գտնվի լավագույն տարբերակը: Ընդ որում՝ ցանկացած տարբերակի դեպքում վերջնական արդյուքը նույնն է լինելու: Արմեն Աշոտյանն է, չէ՞, ասել, որ սա ներկայացում է, որի ավարտը բոլորը գիտեն, բայց ուշադիր հետևում են:

Մեծ հաշվով՝ կանխատեսելի է նաև վերջնական որոշում կայացնելու մասին Սերժ Սարգսյանի ելույթի հիմնական իմաստը: Պիտի ասի, որ ինքը չէր ուզում, բայց իրեն համոզել են:

Մնում է, որ հասարակությանը համոզեն համակերպվել դրա հետ:

Ամբողջական՝ տեսագրությունում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս