loader

«Ազատ խոսք». Բաց քվեարկության օգուտներն ու վնասները

«Հայաստան 24»-ի  եթերում այսօր կխոսենք Հայաստանի հաջորդ վարչապետի ընտրության առանձնահատկությունների մասին:

Հիմա արդեն կարելի է չկասկածել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սերժ Սարգսյանն է լինելու, և ՀՀԿ-ն հենց նրա թեկնածությունն է առաջադրելու: Այս օրերին բազմաթիվ հանրապետականներ անընդհատ խոսում են նրա անփոխարինելության մասին, այն մասին, որ քաղաքականության մեջ «տղամարդու խոսք» հասկացություն գոյություն չունի, տղամարդու խոսքը քաղաքական կատեգորիա չէ, և այլն: Այսինքն՝ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր է դնելու նախագահի լիազորությունները և ապրիլի 16-ին դառնալու է վարչապետ՝ ավելի լայն լիազորություններով:

Ընդ որում՝ պետության առաջին դեմքի այս ընտրությունները նախորդներից տարբերվելու են ոչ միայն նրանով, որ ժողովուրդն ուղղակիորեն չի մասնակցելու այս ընտրություններին: Ուրիշ տարբերություն էլ կա. ԱԺ-ում վարչապետի ընտրությունը բաց է լինելու: Մինչև հիմա Հայաստանում նախագահի ընտրությունները փակ-գաղտնի էին, և իշխանությունների համար դա լուրջ պրոբլեմ էր: Դրա համար էլ նրանք անընդհատ կեղծ տեղեկություններ էին տարածում, թե իրականում քվեախցիկներում թաքնված տեսախցիկներ կան, ու շատ լավ երևում է, թե ով ում օգտին է քվեարկում, անգամ խոսում էին, թե իբր գրիչների վրա միկրոտեսախցիկներ կան, և այլն: Որպեսզի մարդիկ վախենան դեմ քվեարկել իշխանական թեկնածուին: Հիմա այդ խնդիրը լուծվել է օրենսդրորեն: ԱԺ-ում վարչապետն ընտրվելու է անվանական քվեարկությամբ, այսինքն՝ ցուցատախտակի վրա և երևալու է, թե պատգամավորներից ով ինչպես քվեարկեց:

Սա, իհարկե, որևէ կապ չունի ժողովրդավարության հետ՝ անկախ նրանից, թե պալատական իրավաբաններից ով ինչ բացատրություն կհորինի: Ակնհայտ է, որ բաց քվեարկությունը կաշկանդում է մարդկանց: Երբ Ստալինի մահից հետո ՍՄԿԿ 20-րդ համագումարում Խրուշչովը քննադատում էր անհատի պաշտամունքն ու ստալինյան ռեպրեսիաները, դահլիճից մեկը հարցնում է՝ «իսկ ինչո՞ւ էիք այն ժամանակ լռում»: Խրուշչովը հարցնում է՝ «ո՞վ էր»: Դահլիճում՝ մեռելային լռություն: Խրուշչովն ասում է՝ «այ հիմա հասկացա՞ք, թե ինչու էինք այն ժամանակ լռում»:

Իհարկե՝ այնպես չէ, որ եթե հիմա հանրապետական պատգամավորներից որևէ մեկը դեմ քվեարկի Սերժ Սարգսյանին, կարմիր բերետավորներն անմիջապես մտնելու ու դահլիճ ու ոլորեն նրա թևերը:Բայց ամեն դեպքում՝ չի բացառվում, որ փակ-գաղտնի քվեարկություն լիներ, հանրապետականներից մի քանիսը դեմ քվեարկեին: Ընտրությունների արդյունքի վրա դա հազիվ թե ազդեր, բայց Սերժ Սարգսյանն ամեն դեպքումչի ցանկացել ռիսկի դիմել ու նաև անվստահություն սերմանել սեփական թիմում:

Իսկ ահա ընդդիմություն պարագայուն բաց քվեարկությունը ինչ-որ իմաստով նույնիսկ լավ է: Պատկերացրեք, եթե փակ քվեարկություն լիներ, և, ասենք, 10-12 պատգամավորներ դեմ քվեարկեին Սերժ Սարգսյանին: Այդ դեպքում առաջիկա 4-5 տարիներին անհրաժեշտության դեպքում կարող էր ասել, որ հենց ինքն է եղել այդ 10-12-ից մեկը:

Իսկ բաց քվեարկության դեպքում՝ ամեն ինչ պարզ երևում է ցուցատախտակին: Եվ երևալու է, թե ովքեր են կիսելու պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի վարչապետության տարիների համար: Անկախ նրանից՝ հանդես կգան որպես ընդդիմադիր, թե ոչ:

Ամբողջական՝ տեսագրությունում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս