loader

«Ազատ խոսք». Իշխանություններին ավելի մեծ գնաճ է պետք

«Հայաստան 24»-ի եթերում այսօր դարձյալ կխոսենք գնաճի ու դրա պատճառների մասին: Այս օրերին իշխանական և մերձիշխանական շրջանակներից ով չի ալարում՝ փորձում է հիմնավորել թանկացումները և ժողովրդին համոզել, որ դրանց պատճառներն օբյեկտիվ են: Ընդ որում՝ աբսուրդն այնտեղ է հասել, որ տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչը ասուլիս է հրավիրում և հայտարարում, որ թանկացումները և գնաճը պետք է տարբերել: Այսինքն՝ պարզվում է, որ դրանք տարբեր բաներ են, և եթե որևէ ապրանքի գինն աճում է, դա դեռ չի նշանակում, թե այդ ապրանքը թանկացել է:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն էլ իր հերթին զեկույց է ներկայացնում ու հայտարարում, թե բաա գիտե՞ք, բենզինի և դիզվառելիքի թանկացումների մեջ չարաշահումների մասին խոսք լինել չի կարող, հակամրցակցային պայմանավորվածություններն էլ բացառված են: Հետո՞ ինչ, որ այդ շուկայում ընդամենը երեք ընկերություն է գործում, ու երեքն էլ որոշել են նույն օրը նույն ժամին իրենց ապրանքը թանկացնել նույն չափով:

Մի խոսքով՝ իշխանությունները փորձում են մարդկանց համոզել, որ բոլոր թանկացումներն օբյեկտիվ պատճառներ ունեն:

Օբյեկտիվ պատճառ իսկապես կա, և այդ օբյեկտիվ պատճառը միակն է. բյուջեն պիտի լցնել ցանկացած գնով: Եթե անգամ դրա արդյունքում փոքր ու միջին բիզնեսը ոչնչանա, աղքատության մակարդակը կտրուկ կաճի, երկիրը կդատարկվի... Կապ չունի, կարևորը բյուջեն լցնելն է:

Իսկ հիմնական բլեֆն այն է, որ իշխանությունները ձևացնում են, թե գնաճը իրենց խիստ մտահոգում է: Մինչդեռ իրականում նրանց մտահոգում է գնաճի ցածր մակարդակը: Օրինակ՝ տարիներ են եղել, երբ գնաճն ընդամենը տարեկան 2-3 տոկոս է եղել, և կենտրոնական բանկը պաշտոնապես իր մտահոգությունն է հայտնել այդ կապակցությամբ, անգամ միջոցառումներ են մշակվել, թե ոնց անեն, որ գնաճի տեմպերը բարձր լինեն, որ ապրանքներն ու ծառայություններն ավելի արագ թանկանան, և այլն: Վարչապետ եղած ժամանակ Տիգրան Սարգսյանը մի անգամ նույնիսկ բաց տեքստով է հայտարարել, որ էժանացումները կառավարությանը ձեռնտու չեն, կառավարությանը թանկացումներն են ձեռնտու: Հիմա նույն իրավիճակն է, ոչինչ չի փոխվել: Պարզապես Սերժ Սարգսյանը չի կարող բաց տեքստով ասել, որ իր նպատակը ցանկացած գնով բյուջեն լցնելն է, իսկ բյուջեն լցնելու միակ ձևը մարդկանց գրպաններից վերջին կոպեկը խլելն է՝ թանկացումների միջոցով, դրա համար էլ հարցն այնպես է ներկայացվում՝ իբր ինքը պետական կառույցներին հանձնարարում է ստուգումներ անցկացնել, նրանք էլ մեծ ջանասիրությամբ ամեն ինչ ստուգում են, բայց չարաշահումներ չեն հայտնաբերում:

Այս ամբողջ պատմության մեջ ամենացավալին այն է, որ գնաճի օբյեկտիվ պատճառների վերաբերյալ լուրջ վերլուծություններ երբեք չեն անցկացվել: Ու հիմա էլ չեն անցկացվում: Ընդամենը դատարկ քննարկումներ ու պոպուլիստական ճառեր են: Օրինակ՝ քննարկումներ չեն ծավալվել այն հարցերի շուրջ, թե ինչու բյուջեի գումարները միշտ կատաստրոֆիկ չեն հերիքում (ու հենց դրա համար էլ անհրաժեշտություն է առաջանում անընդհատ բարձրացնել հարկերը), թե ինչպես է պատահել, որ արդեն հիմա բյուջեից արտաքին պարտքի սպասարկման վրա ավելի շատ գումարներ են ծախսվում, քան, ասենք, պաշտպանության ոլորտի վրա, թե ինչպես է պատահել, որ հայերը աշխարհի ցանկացած երկրում հաջողությունների են հասնում, բացի Հայաստանից, և այլն:

Այ երբ այս հարցերը կստանան իրենց պատասխանները, այն ժամանակ էլ գնաճի կարգավորման մեխանիզմները կգտնվեն:

Արմեն Բաղդասարյան

Ամբողջական՝ տեսագրությունում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս