loader

«Ազատ խոսք». Ո՞ւմ անունից է ՀՀԿ-ն համոզում Սերժ Սարգսյանին

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդմանը Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի մասին:

Այդ հարցազրույցում Սերժ Սարգսյանը կարողացավ անդրադառնալ գրեթե բոլոր կարևորագույն հարցերին և միաժամանակ որևէ նոր բան չասել: Արդյունքում՝ այդպես էլ անհասկանալի մնաց, թե որն էր այդ հարցազրույցի նպատակը: Ի վերջո հասարակությանն ամենաշատը հուզում է այն հարցը, թե ով է դառնալու վարչապետ 2018-ի ապրիլին, և ինչ քաղաքական ծրագրեր ունի Սերժ Սարգսյանը, իսկ նա այդ հարցերին հստակ պատասխան չտվեց: Ասաց, որ դեռ ժամանակը չէ:

Բայց ակնհայտ էր նաև, որ դա հեռացող մարդու հարցազրույց չէ, մնացո՛ղ մարդու հարցազրույց է: Որովհետև հեռացող մարդը սովորաբար խոսում է այն մասին, թե ինչ է արել, իսկ մնացողղ խոսում է այն մասին, թե ինչ է մտադիր անել: Սերժ Սարգսյանը ավելի շատ անելիքներ մասին էր խոսում: Քաղաքականության մեջ մնալու վերաբերյալ հարցին էլ պատասխանեց. «տեսնենք»:

Իսկ ահա հարցազրույցի նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հերթական անգամ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը հաջորդ վարչապետի պաշտոնում անփոխարինելի է, բացառված է, որ նա ցանկանա և վարչապետ չդառնա, և՝ հազիվ թե ՀՀԿ-ում գտնվի մեկը, ով համաձայն չլինի այդ պնդման հետ: Այնպես որ, ըստ Գալուստ Սահակյանի, մնում է, որ իրենք կարողանան համոզել, որ Սերժ Սարգսյանը ցանկանա՛ վարչապետ դառնալ:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա փաստորեն հիմա գործընթացը հետևյալ փուլում է: Սերժ Սարգսյանն ասում է, որ իրենք (այսինքն՝ ՀՀԿ-ն և Դաշնակցությունը) դեռ կորոշեն, թե ով որտեղ կարող է ավելի արդյունավետ աշխատել, իսկ ՀՀԿ-ն պնդում է, որ վարչապետի պաշտոնում ամենաարդյունավետը կաշխատի Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ ՀՀԿ-ն համոզում է, Սերժ Սարգսյանը դեռ չի համոզվել: Կամ էլ՝ համոզվել է, բայց հիմա այդ մասին հայտարարելը սխալ է համարում:

Բայց հարց է առաջանում՝ ո՞ւմ անունից է ՀՀԿ-ն համոզում Սերժ Սարգսյանին: Ի վերջո խոսքը կուսակցական լիդեր ընտրելու մասին չէ, որ համարեն, թե դա միայն կուսակցության գործն է, խոսքը պետության առաջին դեմքի մասին է: Եվ սա այն դեպքը չէ, որ ասեն՝ գիտե՞ք, ժողովուրդը խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր վստահության քվեն տվել է ՀՀԿ-ին: Նախ՝ ժողովրդի զգալի մասը իր վստահության քվեն ոչ թե տվել է, այլ վաճառել, և երկրորդ՝ խորհրդարանական ընտրությունները անցել են մի իրավիճակում, երբ ուժի մեջ էր Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ ինքը մտադիր չէ 2018-ից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Եթե ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեր, որ՝ այո, հնարավոր է հենց ինքն էլ լինի հաջորդ վարչապետը, ընտրությունների արդյունքները կարող էին բոլորովին այլ լինել:

Չարժե մոռանալ նաև, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ ցուցակում Սերժ Սարգսյանի անունն ընդհանրապես չկար: Եթե ցուցակի առաջին տեղում Սերժ Սարգսյանի անունը լիներ՝ ընտրությունների ելքը կարող էր այլ լինել, Ավետիք Իսահակյանի և Մարտիրոս Սարյանի պատկերներով թղթերը կարող էին չօգնել:

Զուտ ձևականորեն ՀՀԿ-ն գուցեև իրավացի է, իշխող կուսակցությունը պիտի վարչապետ նշանակի: Բայց այդ դեպքում նրանք պիտի բարի լինեին ընտրություններից առա՛ջ մարդկանց բացատրել, որ գիտե՞ք ինչ, թեև Սերժ Սարգսյանի անունը մեր ցուցակում չկա, բայց հենց նա է շարունակելու ղեկավարել երկիրը: Հակառակ դեպքում ստացվում է, որ այդ կուսակցությունը խաբել է մարդկանց:

Ամբողջական՝ տեսագրությունում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս