loader

«Ազատ խոսք». Արևելյան մարտարվեստի բոլոր կանոններով

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի և ՀՀԿ խմբակցության պահվածքի մասին:

Ի՞նչ է տեղի ունեցել: Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության երեք պատգամավորներ, ի դեպ՝ կանայք, բանկաներով կոյուղաջրեր են բերել դահլիճ, որպեսզի քաղաքապետը և ՀՀԿ խմբակցության պատգամավորները նույնպես շնչեն այն գարշահոտը, որն արդեն տևական ժամանակ շնչում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին հարակից շենքերի բնակիչները: Նրանք փորձել են բանկաները մոտեցնել Տարոն Մարգարյանին, ավագանու ՀՀԿ-ական անդամներն էլ ծեծել են նրանց:

Տեսանյութում պարզ երևում է, որ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամներից շատերը իրենց պահել են փողոցային խուժանների պես: Նույնիսկ ավելի վատ, որովհետև անգամ փողոցային խուժանների մոտ չգրված օրենք կա, որ կանանց և աղջիկներին ծեծել չի կարելի: Բայց խնդիրը միայն սա չէ: Ավագանու ՀՀԿ-ական անդամների պահվածքը անհասկանալի է և որևէ տրամաբանական բացատրություն չունի (բացի նրանից, որ իրենց էություն է այդպիսին):

Տեսեք: «Երկիր Ծիրանի» խմբակցությունը քաղաքական ակցիա է իրականացնում: Կամ, ասենք, PR ակցիա: Լավ, թե վատ՝ այլ հարց է: Հիմա ենթադրենք՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորները վախեցան, որ հնարավոր է՝ բանկաներում մարդկանց առողջության համար վտանգավոր թունավոր նյութեր լինեն: Այդ դեպքում նրանք ի՞նչ պիտի անեին: Պիտի անմիջապես դուրս գային սենյակից: Բայց նրանք դուրս գալու փոխարեն հարձակվում են այդ կանանց ու սկսում ծեծել: Այսինքն՝ լավ էլ գիտեին, որ թունավոր նյութեր չեն, և որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այնպես որ՝ այս վարկածը բացառվում է: Կամ ենթադրենք՝ ՀՀԿ խմբակցությունը բարկացել է, որ «Երկիր ծիրանին» ուզում է խանգարել նիստը: Շատ լավ, բայց նիստը խանգարելու համար կանանց չեն ծեծում: Ընդմիջում են հայտարարում և խանգարողներին դուրս են հրավիրում դահլիճից: Ընդ որում՝ դուրս են հրավիրում շատ քաղաքավարի, օրենքով սահմանված կարգով, և ոչ թե արևելյան մարտարվեստի բոլոր կանոններով:

Ըստ երևույթին ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության նյարդերը պարզապես չեն դիմացել, որովհետև ինչ-որ կանայք իրենց դրախտային կյանքը հարամում են, ինչպես և խոստացել էին, դժոխքի են վերածում: Եթե «Երկիր ծիրանի» խմբակցությունը չլիներ, այդ կյանքն իսկապես դրախտային կլիներ: Դրա համար բոլոր նախադրյալները ստեղծված են: Օրենքով: Օրինակ՝ այս տարի Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքի բյուջեից 35 միլիոն դրամ ծախսել միայն ռեստորանների վրա: Եթե ոչ աշխատանքային օրերը հանում ենք, ստացվում է օրական 135 հազար դրամ: Ռեստորաններում հաշիվ փակելու համար: Հարկատուների հաշվին: Ուրիշ էլ ի՞նչ է պետք լիակատար երջանկության համար:

Բայց այնպես է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները արևահամ կոնյակի բուրմունքը շնչելու փոխարեն (որի համար, ի դեպ, նույնպես համայնքային բյուջեից հսկայական գումարներ են հատկացված), ստիպված են շնչել կոյուղաջրերի գարշահոտը: Իսկապես պողպատյա նյարդեր են պետք դիմանալու համար: Բացի այդ էլ, եթե հիմա արժանի հակահարված չհասցնեին, «Երկիր ծիրանին» վաղն էլ հանրապետականներին կստիպեր ոչ միայն շնչել այն օդը, որը շարքային քաղաքացիներն են շնչում, այլև սնվել այնպես, ինչպես շարքային քաղաքացիներն են սնվում: ՀՀԿ-ական պատգամավորներն այդ խոշտանգումներին հաստատ չէին դիմանա:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս