loader

«Ազատ խոսք». Իշխանությունների ուշացած ինքնախոստովանությունը

«Հայաստան 24»-ի եթերում կխոսենք ԱԺ արտահերթ նիստի մասին, որի օրակարգում միայն մի հարց է՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այս նիստը, ինչպես հայտնի է, նախաձեռնել է «Ելք» դաշինքը՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների աջակցությամբ, և իմաստն էլ այն է, որ գնաճը կանխելու նպատակով հարկային դրույքաչափերը պետք է բերվեն մինչև հունվար 1-ը եղած վիճակին: Այսինքն՝ գնաճի հանգեցրած փոփոխությունները պիտի չեղյալ հայտարարվեն:

Վերջնական արդյունքի տեսանկյունից սա, իհարկե, անիմաստ քննարկում է, որովհետև ակնհայտ է, որ իշխանությունները իրենց իսկ ընդունած Հարկային նոր օրենսգրքի հետողորմյա չեն անի: Փոխարենը՝ քարոզչական տեսանկյունից սա շատ արդյունավետ է, որովհետև հասարակությունը տեղեկանում է, թե ինչ է կատարվում իրականում, որքան է գնաճի իրական մակարդակը:

«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, օրինակ, հաշվարկներ է կատարել և պնդում է, որ գնաճը Հայաստանում ոչ թե 2,6 տոկոս է, ինչպես հայտարարվում է պաշտոնապես, այլ 21,9 տոկոս, թանկացումների նպատակն էլ ընտրակաշառքները հետ հավաքելն է: «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր հերթին ասում է, որ գնաճը 40 տոկոս է, հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասում է, որ եթե անգամ գործող օրենքը փոխվի, մարդկանց վիճակը բարելավելու է ընդամենը 3 հազար դրամով, բայց դա հարցի լուծում չէ, և այդպես շարունակ:

Մի խոսքով՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե սա հերթական անպտուղ խոսակցությունն է: Բայց իրականում՝ խորքային իմաստով, սա շատ լուրջ քննարկում էր, և առանցքայինը, կարծում ենք, Վարդան Բոստանջյանի և Խոսրով Հարությունյանի երկխոսությունն էր: Քաղաքականության մեջ առավել հաճախ հնչող երկու հիմնական հարցերը հայտնի են. ի՞նչ անել և ո՞վ է մեղավոր: Եվ ահա Վարդան Բոստանջյանը հանրապետական պատգամավորին հարցնում է. ի՞նչ անել:

Փաստորեն՝ այս պահին կոնկրետ ոչինչ հնարավոր չէ անել: Իշխանություններն ասում են՝ պիտի փորձենք գոնե այնպես անել, որ հետագայում նման իրավիճակներ չկրկնվեն: Այսինքն՝ մինչև հիմա չեն արել, նոր միայն պիտի սկսեն: Եվ Խոսրով Հարությունյանն անկեղծորեն ասում է այդ մասին:

Ու հենց այստեղ է, որ պիտի հնչի երկրորդ հարցը. ո՞վ է մեղավոր: Փաստորեն 10 տարի շարունակ երկիրը ղեկավարել է ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, 10 տարի շարունակ մարդկանց սոցիալական վիճակը վատացել է, մարդիկ արտագաղթել են, արդյունքում՝ հասել ենք մի վիճակի, որ ստիպված ենք բարձրացնել հարկերը, որպեսզի պետությունը կարողանա գոյատևել, ու միայն հիմա՝ Սերժ Սարգսյանի տասնամյա նախագահության ավարտից մի ամիս առաջ, իշխանությունները հանկարծ հասկացել են, որ այդ 10 տարիների ընթացքում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ լուրջ քայլեր չեն արվել, հիմա՛ պիտի սկսեն անել: Եթե հիմա սկսեն՝ մի 5-6 տարի հետո մարդկանց կենսամակարդակը գուցե դադարի գահավիժել:

Բան չունենք ասելու, գուցե իսկապես հիմա են գլխի ընկել: Բայց այդ դեպքում պիտի ընդունեն նաև, որ 10 տարի շարունակ երկիրը սխալ ուղղությամբ են տարել (Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ): Մինչդեռ դրա փոխարեն հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է և պիտի շարունակի լինել իշխանության առաջին ջութակը: 10 տարի շարունակ առաջին ջութակն էր, և այդ ջութակի տարբեր մեղեդիների տակ բնակչության 12 տոկոսն արտագաղթեց: Գուցե պետք է ոչ թե մեղեդիները փոխել, այլ ջութակահարի՞ն:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս