loader

«Ազատ խոսք». Քաղաքական ռևա՞նշ, թե՞ հոկտեմբերի 27

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք հակահեղափոխության հնարավոր սցենարների մասին:

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին հորդորել է երեք ամիս ոչինչ չձեռնարկել և լուռ հետևել Նիկոլ Փաշինյանի թիմի աշխատանքներին: Այն հույսով, որ նոր կառավարությունը կձախողվի, ժողովուրդը կհիասթափվի և իրենք, խորհրդարանում մեծամասնություն ունենալով, կվերադառնան իշխանության:

Բայց արդյո՞ք սա իրատեսական սցենար է, արդյո՞ք ՀՀԿ-ն կկարողանա քաղաքական ռևանշի հասնել: Միանգամից ասենք, որ քաղաքական ռևանշը բացառված է: Այն իմաստով, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել համաժողովրդական աջակցության շնորհիվ: Իսկ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի դեպքում դա անհնար է: Ամենամղձավանջային երազում անգամ հնարավոր չէ պատկերացնել, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ փողոց դուրս կգան և կպահանջեն, որ վարչապետի պաշտոնը վերադարձվի Սերժ Սարգսյանին կամ որևէ այլ հանրապետականի: Իսկ ՀՀԿ-ն այլևս բավարար վարչական լծակներ չունի, որ մարդկանց ձեռքը մի-մի փուչիկ տա ու զոռով քշի հանրահավաքների:

Էլ չենք խոսում այն մասին, որ մի քանի ամիսը բավարար չէ, որպեսզի ժողովուրդը մոռանա ՀՀԿ-ի արածները: Առավել ևս, որ այդ ընթացքում բազմաթիվ նոր բացահայտումներ կլինեն Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին կատարված հանցագործությունների մասին, և ՀՀԿ-ի վարկանիշը դրանից հաստատ չի բարձրանա: 
Մի խոսքով՝ քաղաքական ռևանշը բացառված է: Բայց սա, ցավոք, չի նշանակում, որ ընդհանրապես ռևանշը բացառված է: ՀՀԿ-ն պայքարելու է հնարավոր բոլոր միջոցներով, որովհետև կորցնելու շատ բան ունի, խոսքը միայն իշխանության մասին չէ: Խոսքը թալանածը պահելու մասին է, խոսքը բիզնեսները պահպանելու մասին է, խոսքը կատարած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու մասին է:

Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից, ապա պիտի արձանագրենք հետևյալը. վտանգավորն այն չէ, որ ՀՀԿ-ն կարող է քաղաքական ռևանշի հասնել: Այդպիսի վտանգ չկա: Ճիշտ հակառակը՝ վտանգավորն այն է, որ ՀՀԿ-ն քաղաքական ռևանշի շանս չունի, հետևաբար՝ կարող է ձգտել ռևանշի հասնել այլ ճանապարհներով:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ իրավիճակը փոխելու մեծ ցանկություն կա, բայց դրան հասնել հնարավոր չէ օրինական ճանապարհով: Տեղի է ունենում, օրինակ, «Սասնա ծռերի» գործողությունը: Կամ՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ իշխանությունը ոտքերի տակից փախչում է, իսկ հիմնական լծակներն օրինական ճանապարհով պահպանելն անհնար է: Հայտնվում են մի խումբ ռոմանտիկներ, և տեղի է ունենում հոկտեմբերի 27-ը:

Որևէ բան չեմ ակնարկում, պարզապես փաստերն եմ արձանագրում: Շատ ավելի լավ կլիներ, եթե ՀՀԿ-ն լիներ նորմալ, աշխույժ կուսակցություն, վայելեր հասարակության թեկուզ մի 20-30 տոկոսի համակրանքը և հանդես գալով ընդդիմադիր դիրքերից՝ փորձեր քաղաքական ռևանշի հասնել: Այդ դեպքում կունենայինք առողջ քաղաքական մրցակցություն, և պետությունը դրանից միայն կշահեր: Բայց սա երևի չափազանց լավատեսական սցենար է:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս