loader

Ազատ խոսք. Սերժ Սարգսյանի իշխանության ամենաթույլ կետը

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ-ում կազմակերպված լսումների մասին, բարև ձեզ: Այդպիսի նախաձեռնությամբ էր հանդես եկել «Ելք» դաշինքը, նպատակն էլ այն էր, որ ԱԺ-ը հայտարարություն ընդունի և ահանջի բացահայտել մեղավորներին, պատշաճ փոխհատուցում տալ զոհերի և վիրավորների ընտանիքներին, և այլն:

Ակնհայտ է, որ ԱԺ-ը նման հայտարարություն չի ընդունելու: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն իսկ բացասական եզրակացություն է տվել: Բայց «Ելք» դաշինքն այնուամենայնիվ այս հարցը մտցրել է հաջորդ քառօրյայի օրակարգ, և քննարկումն այսպես թե այնպես տեղի է ունենալու: Ու հիմա շատեր մոտ է հարց առաջանում՝ իմաստ ունե՞ր արդյոք բարձրացնել այս հարցը, եթե կոնկետ արդյունք չի լինելու:

Իհարկե իմաստ ուներ: Այսօրվա լսումների մասնակիցներից որևէ մեկն այնքան միամիտ չէ, որ հավատա, թե այս իշխանությունները ազդվելու են հնչած ելույթներից և, ասենք, երեք աշխատանքային օրվա ընթացքում բացահայտելու են մեղավորներին: Առավել ևս, որ այնտեղ բացահայտելու բան է՛լ չկա: Թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-2-ին՝ բոլորը հիշում են: Այլ հարց է, որ շատերն արդեն մոռացել են, ինչ է տեղի ունեցել մարտի 1-ից մի քանի օր առաջ: Մոռացել են, որ զանգվածային ձերբակալություններ սկսվել են դեռևս մինչև մարտի 1-ը: Օրինակ՝ Գագիկ Ջհանգիրյանը մինչև մարտի 1-2 է ձերբակալվել: Երբ դեռ խաղաղ ցույցեր էին ընթանում, և զանգվածային բախումների հետք անգամ չկար: Մոռացել են նաև, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրոք էր հայտարարել, թե շարժման ղեկավարներից շատերը բանտերում են հայտնվելու: Այսինքն՝ դեռ ոչինչ տեղի չէր ունեցել, քրեական գործեր հարուցված չէին, բայց Ռոբերտ Քոչարյանը արդեն որոշել էր, թե ովքեր են մեղավորները:

Մի խոսքով՝ ցանկության դեպքում իշխանությունները կարող էին շատ արագ բացահայտել, որ ցուցարարների վրա կրակ բացելու հրամանն իջեցվել է իշխանության ամենավերին օղակներից:Բայց Ռոբերտ Քոչարյանն այդ գործով անգամ հետաքննության չի կանչվել:

Հիմա ըստ էության այս հարցը բարձրացնելով և խորհրդարանական լսումներ կազմակերպելով՝ «Ելք» դաշինքը փաստում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները ոչ միայն մարտի 1-ի ծնունդ են, այլև նույնպիսի պատասխանատվություն են կրում մարտի 1-ի համար: Հակառակ դեպքում հիմա նույնպիսի եռանդով չէին կոծկի փաստերը: «Ելք» դաշինքն էլ հենց դա է ցույց տալիս: Այսինքն՝ գտել է Սերժ Սարգսյանի ամենաթույլ կետը և երբ պետք է՝ հարվածում է այդ կետին: Ճիշտ է անում: Օգտվում է խորհրդարանում ներկայացված լինելու առավելություններից և իշխանություններին ստիպում է հաշվի նստել իր հետ: Քաղաքականության մեջ միշտ էլ այդպես է. պետք է օգտվել դիմացինի թույլ կետերից: Ուրիշ բան, որ պետությունն ու հասարակությունը դրանից կոնկրետ ոչինչ չեն շահում: Բայց կոնկրետ, այսրոպեական շահերից բացի գոյություն ունեն նաև երկարաժամկետ շահեր: Տվյալ դեպքում շահն այն է, որ ընդդիմության վարկանիշը բարձրանում է, ինչն էլ իշխանություններին ստիպում է պատրանքների գիրկը չընկնել, թե իբր իրենց արդեն ամեն ինչ կարելի է, ու հաշվի նստել հասարակական կարծիքի հետլ

Այո, ժամանակ առ ժամանակ իշխանություններին պետք է ցույց տալ, որ հասարակությունը չի մոռացել ու լավ էլ հիշում է 2008-ի մարտի 1-ը: Հիշում է ու չի ներել: Պարզապես ավելի լավ կլիներ, որ հենց հասարակությունն էլ ցույց տար դա:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս