loader

«Ազատ խոսք». Տարին տարվա նման չէր: 2018-ին՝ «դբա լավը»

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կփորձենք ամփոփել անցնող 2017 թվականը:

Ներքաղաքական կարևորագույն իրադարձությունը, բնականաբար, ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն էին: Այդ ընտրությունների արդյունքում «խաղաղություն հիմա» կարգախոսով հանդես եկող Հայ Ազգային Կոնգրեսը չկարողացավ անգամ հաղթահարել անցողիկ շեմը և դուրս մնաց խորհրդարանից, բայց այնպես էլ չէ, որ որևէ այլ ուժ հաղթեց: Այդ ընտրություններում հաղթեցին Ավետիք Իսահակյանն ու Մարտիրոս Սարյանը, որովհետև նրանց պատկերներով թղթադրամներըր էական ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա: Հետևանքը եղավ այն, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ձեռք բերեց, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը հենց ինքն էլ միանձնյա որոշելու է, թե ով է ղեկավարելու երկիրը 2018-ի ապրիլից հետո:

Երկրորդ կարևոր իրադարձությունը, որ տեղի ունեցավ 2017-ին, և շարունակվում է տեղի ունենալ ամեն օր, համատարած թանկացումներն են: Ընդ որում՝ այդ թանկացումները Նոր Տարվա հետ կապ չունեն: Դրանք սկսվեցին ընտրություններից անմիջապես հետո, շարունակվում են հիմա և հունվարի 1-ից հետո նոր թափ են հավաքելու, որովհետև հարկային և մաքսային դրույքաչափերն էապես փոխվելու են: Այսինքն՝ գոտիները ձգելու գործընթացն ըստ էության նոր միայն սկսվում է: Հասկանալի է, որ դա հանգեցնելու է բնակչության սոցիալական վիճակի հետագա վատթարացման և արտագաղթի ծավալների աճի, և այս առումով ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանն իր պատասխան առաջ քաշեց 2040-ին 4 միլիոնանոց Հայաստան ունենալու գաղափարը: Սա բավականին տարածված հնարք է: Երբ Լյուքսեմբուրգի դքսություը հերթական պատերազմի արդյունքում կորցրեց տարածքների մեծ մասը, դքսության պաշտոնական անվանումը փոխվեց. դարձավ Լյուքսեմբուրգի մեծ դքսություն:

2017-ի կարևոր իրադարձություններից էր նաև ուսանողների տարկետման իրավունքի վերացումը: Ամեն ինչ բավականին դիտարժան էր: Դասադուլ, բողոքի ցույցեր, հացադուլ, հետո իբր երկխոսություն, քննարկումներ, հետո նորից ցույցեր, նորից քննարկումներ և այլն: Արդյունքը եղավ այն, որ տարկետման իրավունքը գործնականում վերացվեց: Հիմա արդեն մեր բանակին ամեն տարի մոտ 200 լրացուցիչ զինակոչիկ կունենա: Թե որքանով կավելանա արտագաղթողների թիվը՝ հայտնի չէ:

2017-ը առանձնահատուկ էր նաև այն առումով, որ վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ Սևանա լճի մակարդակը չբարձրացավ: Սա Հայաստանի համար իսկապես ռազմավարական խնդիր է: Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների մասին ինչ էլ ասենք՝ փաստը մնում է փաստ, որ նա Հայաստանի հմաար մի շատ դրական բան արել է. որոշել է բարձրացնել լճի մակարդակը: Եվ 10 տարի շարունակ Սևանի մակարդակը բարձրանում էր: Այսինքն՝ լիճը սկսել էր բուժվել: Անցնող տարում այդ գործընթացը կասեցվեց: Թե ինչ պատճառաբանությամբ՝ էական չէ, մենք փաստն ենք արձանագրում: Հուսանք՝ ժամանակավոր է ու եկող տարի չի կրկնվի:

Իսկ տարվա գլխավոր դրական իրադարձությունն, իհարկե, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագիրն էր (համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին): Դրական՝ այն իմաստով, որ Եվրամիության հետ ինտեգրման հարցում Հայաստանը կարողացավ առաջ անցնել Ադրբեջանից ու Բելառուսից: Մնում է, որ Հայաստանի իշխանությունները համարձակություն ունենան մինչև վերջ կատարել ստանձնած պարտավորությունները: Հակառակ դեպքում կստացվի, որ մենք ունենք ընդամենը թղթի կտոր, ընդ որում՝ այնպիսի թղթի կտոր, որը մեզ ոչ մի օգուտ չի տալիս, բայց ԵԱՏՄ անդամ երկրներին իրավունք է տալիս համարյա թշնամական վերաբերմունք ցուցաբերել մեր հանդեպ:

Ինչևէ: Հուսանք, որ 2018-ին դրական իրադարձություններն ավելի շատ կլինեն և բոլոր կողմերից հնչող հոռետեսական կանխատեսումները չեն արդարանա:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս