loader

«Ազատ խոսք». ՀՀԿ-ն գտավ Քոչարյանի ակտիվացումը կանխելու ելքը

«Հայաստան 24»-ի  եթերում այսօր կխոսենք ԱԺ-ում տեղի ունեցած զավեշտալի և տարօրինակ իրադարձությունների մասին:

ԱԺ-ում այսօր երկու առանցքային իրադարձություն է տեղի ունեցել: Մեկը՝ զավեշտալի, մյուսը՝ տարօրինակ: Զավեշտալին այն էր, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Դաշնակցությունը գտնում էր, որ ռեյտինգային ընտրակարգը անընդունելի է, հակաժողովրդավարական է, և Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի, իսկ այսօր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք շարունակում են նույն կարծիքին մնալ, բայց դեմ են, որ ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը մտնի օրակարգ:

Ահա այսպես: Դաշնակցությունը գտնում է, որ ռեյտինգային ընտրակարգը շատ վատ բան է, բայց երբ «Ծառուկյան» դաշինքը այդ հարցը բարձրացնում է, Դաշնակցությունը դեմ է արտահայտվում, որ այդ հարցը նույնիսկ օրակարգ մտնի: Պատճառը, կարծում ենք, հասկանալի է: Եթե Դաշնակցությունը կողմ քվեարկեր, կստացվեր, որ դեմ է գնում Հանրապետականին: Դիվանագիտության մեջ դա կոչվում է «կազուս բելլի», պատերազմի առիթ, և նոր կոալիցիայի շուրջ բանակցություններից ընդամենը մեկ ամիս առաջ տրված նման առիթը հանրապետականները կարող էին օգտագործել ու նվազեցնել Դաշնակցությանը տրվելիք պորտֆելները:

Իսկ տարօրինակն այսօրվա նիստում այն էր, որ խորհրդարանը միաձայն ընդունեց մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն ընդունելու հարցը ԱԺ օրակարգ մտցնելու առաջարկը: Այսինքն՝ «Ելք» դաշինքի նախաձեռնությանը: Ներկայացված տեսքով այդ հայտարարությունն, իհարկե, հազիվ թե ընդունվի, բայց ամեն դեպքում՝ ՀՀԿ-ն կարող էր պարզապես դեմ քվեարկել, և վերջ: Իսկ այսպես՝ հարցը խորհրդարանում լայնորեն քննարկվելու է:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս երկու հարցերը (ռեյտինգային ընտրակարգի վերացումն ու մարտի 1-ը) իրար հետ կապ չունեն: Իրականում այդ կապն, իհարկե, կա: Եթե չլիներ մարտի 1-ը՝ Սերժ Սարգսյանը նախագահ չէր դառնա, եթե չլիներ ռեյտինգային ընտրակարգը՝ ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն չէր ունենա: Ուրեմն ինչո՞ւ է իշխող կուսակցությունը մի դեպքում դեմ քվեարկում, մյուս դեպքում՝ կողմ:

Որովհետև ռեյտինգային ընտրակարգի վերացումը միտված է ապագային և ուղղակի սպառնալիք է ՀՀԿ-ի համար: Եթե ռեյտինգային համակարգը վերանա՝ խորհրդարանական հաջորդ ընտրություններում ՀՀԿ-ն որևէ ձևով բացարձակ մեծամասնություն ստանալ չի կարող: Իսկ մարտի 1-2-ի դեպքերը լայնորեն քննարկելը ՀՀԿ-ի համար այնքան էլ վտանգավոր չէ, հիմնական թիրախը Ռոբերտ Քոչարյանն է լինելու: Ի վերջո՝ 2008-ի մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանն է եղել պետության ղեկավարը, գերագույն գլխավոր հրամանատարը, մի խոսքով՝ հիմնական պատասխանատուն: Տեսեք՝ խորհրդարանում լսումներ են կազմակերպվում, և հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը Ռոբերտ Քոչարյանին է հարց ուղղում, թե այդ ի՞նչ ցուցարարներ էին, որ մեքենաների եթերից դուրս էին գալիս ու կրակում ոստիկանների վրա, որտեղի՞ց այդ տեղեկությունները, դրանց հիման վրա էլ արտակարգ դրություն եք հայտարարել: Եվ շարունակում է այն կարծիքին մնալ, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է հարցաքննվի:

Դրա համար էլ հարցը մտնում է ԱԺ օրակարգ: Որպեսզի Ռոբերտ Քոչարյանի մտքով հանկարծ չանցնի թողնել ամենաերիտասարդ թոշակառուի կարգավիճակը և վերադառնալ մեծ քաղաքականություն: Այնպես որ՝ երբ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, թե ընդդիմությունը պիտի գնահատի իշխանության այս քայլը, դեռ հարց է, թե ում նկատի ունի «ընդդիմություն» ասելով:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս