loader

Մեծ պատերազմի վտանգը. «Ազատ խոսք»

Հայաստան 24-ի եթերում կխոսենք արտաքին սպառնալիքների և պատերազմի վերսկսման իրական վտանգի մասին: Հայաստանի քաղաքականապես ակտիվ հասարակությունն այսօր երկու մասի է բաժանված:

Մի մասը Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերն է դիտում և դրանց միջակայքում հետևում, թե ուրիշ ինչ ձերբակալություններ է իրականացրել ԱԱԾ-ն, իսկ մյուսները՝ հակառակը. հետևում են ԱԱԾ բացահայտումներին և դրանց միջակայքում ֆուտբոլ նայում: Իսկ այդ ընթացքում Հայաստանի շուրջ վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե իրենց բանակն արդեն պատրաստ է մեծ պատերազմին (ինչը նշանակում է, որ պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի) ու միաժամանակ նրանք հայտարարում են, թե արդեն իսկ Նախիջևանի կողմից վերահսկողության տակ են առել Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը:

Սա Հայաստանում լուրջ մտահոգություններ է առաջացրել, այդ թվում՝ նաև մասնագետների շրջանում: Իսկ ահա ՊՆ խոսնակը փորձում է հանգստացնել մարդկանց, բայց դա անում է, մեղմ ասած, փոքր-ինչ տարօրինակ ձևով. հայտարարում է, թե ադրբեջանցիները դիրքերն առաջ են շարժել իրենց տարաքծում, բացի այդ էլ, եթե իրենք կարող են մեր ճանապարհը խոցել, մենք էլ կարող ենք իրենց ճանապարհը խոցել: Այսինքն՝ ՊՆ խոսնական, ըստ էության, չի հերքում, որ մեր ճանապարհը խոցելի է դարձել:

Բայց՝ մխիթարում է. ասում է, որ մենք էլ իրենց ճանապարհը կխոցենք, չնայած՝ դրանից հաստատ մեր ճանապարհն ավելի հուսալի չի դառնա: Բայց ուրիշ մխիթարություն էլ ունենք, այսինքն՝ ավտոմատներով ճանապարհը խոցել չենք կարող, իսկ ականանետերով՝ կարող ենք: Եթե հետո էլի մոտենան, կասենք, որ անհանգստանալու կարիք չկա. միևնույն է՝ ատրճանակով խոցել չես կարող, միայն ավտոմատներով կարող են: Ինչևէ: Փաստն այն է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և պատրաստվում է ակտիվ գործողություններ իրականացնել նաև Նախիջևանի կողմից: Հարց է ծագում՝ ինչո՞ւ հենց հիմա:

Չէ՞ որ Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին Նախիջևանն, ըստ էության, դուրս էր մնացել ռազմական գործողություններից, ապրիլյան պատերազմի ժամանակ էլ այդ ուղղությամբ դարձյալ բախումներ չեղան: Տեսակետ կա, որ պատճառը դեռևս 1921թ. մարտի 16-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Մոսկվայի պայմանագիրն է, ավելի ճիշտ՝ այդ պայմանագրի 3-րդ հոդվածը, որտեղ ըստ էության խոսվում է այն մասին, որ Նախիջևանի կարգավիճակի փոփոխության փորձի դեպքում Թուրքիան միջամտելու իրավունք է ստանում: Իսկ Թուրքիայի՝ միջամտել-չմիջամտելու հարցում Ռուսաստանի դիրքորոշումը միշտ բավականին կոշտ է եղել: Գուցե հիմա ինչ-որ բան է փոխվել, և մեզ պարզապես ստիպո՞ւմ են Նախիջևանի ուղղությամբ կոնկրետ հակաքայլերի դիմել: Իսկ մենք ձևացնում ենք, թե ամեն ինչ կարգին է, և բանակով զբաղվելու փոխարեն գեներալներով ենք զբաղվում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս