loader
Անցում՝ համընդհանուր ներառական կրթության. իրազեկման խմբերը սկսել են աշխատանքը

Անցում՝ համընդհանուր ներառական կրթության. իրազեկման խմբերը սկսել են աշխատանքը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, աշխատանքային խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին զեկուցվել են նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, խմբի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումն ու առաջարկությունները` նախորդ նիստում ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի ներկայացրած «Երևան քաղաքի հանրակրթության ոլորտում հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում»  ուսումնասիրության վերաբերյալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մի քանի առաջարկություն` հաշվի առնելով ոչ միայն հատուկ դպրոցներում սովորողների, այլև ընդհանրապես հատուկ կարիքով մարդկանց սոցիալական աջակցության բաղադրիչը:

Հանդիպման օրակարգում ընդգրկված է եղել ԿԳ նախարարի հրամանով ստեղծված  իրազեկման խմբերի կատարած աշխատանքի արդյունքների վերաբերյալ զեկույցը: Մասնավորապես նշվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրազեկման խմբերը հանդիպումներ են ունեցել աջակցման կենտրոնների վերակազմակերպվող հատուկ դպրոցներում սովորողների ծնողների, ուսուցչական և վարչական անձնակազմերի հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել է համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհային քարտեզը` աշակերտի, մասնագետի և վարչական աշխատողի համար: ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ներկայացրել է ծնողների և ուսուցիչների կողմից բարձրաձայնված հիմնական մտահոգությունները, միաժամանակ նշելով, որ իրազեկման աշխատանքները լինելու են շարունակական և հասցեական, ընդգրկելով հասարակական կազմակեպություններ և զանգվածային լրատվության միջոցներ, իսկ իրազեկման խմբերի աշխատանքին միանալու են նաև ներառական կրթության փորձ ունեցող ուսուցիչներ և ծնողներ: Ինչպես նաև, ավարտին է մոտենում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող սոցիալական գնահատումը, որի արդյունքների հիման վրա կատարվելու է երեխաների եւ մասնագետների սինխրոնիզացված ճանապարհային քարտեզագրում։

Քննարկվել է նաև համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման վերապատրաստումների հարցը: Մասնավորապես նշվել է, որ հանրակրթական դպրոցներում աշխատող առարկայական ուսուցիչները պետք է անպայման հմտություններ ստանան` հատուկ կարիքով երեխաների հետ աշխատելու համար:

Նշենք, որ համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկված են կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման, առողջապահության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս