loader
Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի կոլեկտիվը կրկին փակել է մայրուղին

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի կոլեկտիվը կրկին փակել է մայրուղին

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի կոլեկտիվը կրկին փակել է Կապան-Գորիս-Երևան միջպետական մայրուղին: Նրանք պահանջում են նորանշանակ տնօրեն Շուշան Հովսեփյանի հրաժարականը: Պահանջին միացել են նաև ծնողները:

Ուսուցիչների խոսքով՝ այսօր դասադուլ են արել: Ծնողները խնդրել են, որ ներկայանա նաև տնօրեն Շուշան Հովսեփյանը, սակայն վերջինս ծնողների և ուսուցիչների հետ հանդիպման չի եկել:

«Շուշան Հովսեփյանը նրանց տեղեկացրել է, որ ինքը տնօրեն չէ, իր հրաժարականը գրել է, և սպասում է, որ մակագրեն: Մրցույթ էր հայտարարված «Հայոց լեզու և գրականություն» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների ուսուցիչների թափուր հաստիքների համար: Շուշան Հովսեփյանը փորձում էր անցկացնել այդ մրցույթը: Այդ ժամանակ մենք բոյկոտեցինք: Մենք չունենք տնօրեն: Թող տնօրենի պաշտոնակատար նշանակեն: Մենք կողմ ենք, որ ամեն ինչ լինի օրենքով սահմանված»,- ասաց բողոքի դուրս եկած ուսուցչուհին:

Հիշեցնենք, որ դպրոցի աշխատակիցներն արդեն տևական ժամանակ է՝ բողոքում են Շուշան Հովսեփյանի նշանակման դեմ: Դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, ԿԳ նախարարին, Սյունիքի մարզպետարան, սակայն, ըստ նրանց, իրենց պահանջը չի կատարվում: Սյունիքի մարզպետի հետ հանդիպում էին ունեցել: Արդեն նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը խոստացել էր Գորիսի թիվ 2 դպրոցի ուսուցիչների պահանջը ներկայացնել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Ուսուցիչներին փոխանցել էին, եթե իրենց պահանջն օրենքի սահմաններում է, այն կբավարարվի:

Դպրոցի տնօրենի թափուր աշխատատեղի մրցույթի ժամանակ 4 թեկնածուներից առավելությունը նրան է տրվել: Ուսուցիչները, սակայն, հայտարարում են, որ խորհրդի նիստերն ապօրինի են եղել: Արձանագրությունները փաստում են, որ մանկավարժական խորհրդի մի քանի անդամներ դպրոցական խորհրդի նիստին չեն մասնակցել, քվորում տեղի չունեցել և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Շուշան Հովսեփյանին նշանակել է տնօրեն:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս