loader
Համընդհանուր ներառական կրթության անցումն առաջնահերթ խնդիրներից է. ԿԳ նախարար

Համընդհանուր ներառական կրթության անցումն առաջնահերթ խնդիրներից է. ԿԳ նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն  աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ:Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

ԿԳ նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը համընդհանուր ներառական կրթության անցման շրջանում և հույս հայտնել, որ այն կշարունակվի նաև Երևանի և մյուս մարզերի ներդրման փուլում:

«Համընդհանուր ներառական կրթության անցումը մեզ համար առաջնահերթ խնդիրներից է, քանի որ այն հասարակությանը կբարձրացնի որակական նոր մակարդակի: Համերաշխություն, սեր և հանդուրժողականություն, ահա այս արժեքներն են, որ տարիներ շարունակ պակասել են մեր հասարակությանը: Հաջողել են այն երկրները, որոնք կարողացել են հասարակությանը հաղորդել այս արժեքները»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

ԿԳ նախարարի խոսքով, համընդհանուր ներառմանն ուղղված քայլերի շնորհիվ, մեր երկիրը կունենա համակեցության այլ սկզբունքներով ու չափանիշներով առաջնորդվող հասարակություն: Միաժամանակ նա շեշտել է, որ համընդհանուր ներառման անցման ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում սոցիալական տարբեր խմբերի միջև: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունն ուսուցիչների վերապատրաստման և ծնողական համայնքի հանդիպումների կազմակերպման հարցում:

Պատրաստակամություն հայտնելով համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ՝ Տանյա Ռադոչայն իր հերթին կարևորել է համընդհանուր ներառական կրթության ուղղությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության ջանքերը: Նրա խոսքով, համընդհանուր ներառումը յուրօրինակ բանալի է հասարակության խնդիրների լուծման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվող նախադպրոցական այլընտրանքային մոդելների մշակման և ներդրման ծրագրին: Կարևորելով նոր մոդելների ներդրման հանգամանքը՝ ԿԳ նախարարն անհրաժեշտ է համարել այդ ուղղությամբ իրավիճակային ուսումնասիրության կատարումը:

Հանդիպմանը քննարկում է ծավալվել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքների, մասնավորապես մանկապարտեզների ցանցի ընդլայնման, մասնագիտական կողմնորոշման կենտրոնների ստեղծման և մի շարք այլ ծրագրերի շուրջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս