loader
Հաստատվել է քննությունների ժամանակացույցը

Հաստատվել է քննությունների ժամանակացույցը

ՀՀ կրթության և գիտության նախարարը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը  և  ժամանակացույցը:

Աշխատակարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական, 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման ընթացակարգերը` ներառյալ  քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը:
Համաձայն ժամանակացույցի` 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվելու է հունիսի 1-10-ը:

9-րդ դասարանում  «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի կենտրոնացված ավարտական քննությունը կանցկացվի մայիսի 26-ին, ավարտական քննությունները` հունիսի 1-21-ը:

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են՝ դեկտեմբերի 24-28-ը կամ հունիսի 1-21-ը:

12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք  չի հանձնելու միասնական  քննությունների համակարգով:
Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 5-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենը, դեկտեմբերի 5-ից մինչև 11-ը ներառյալ, քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է վարչապետի աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ (ԳԹԿ): 12-րդ դասարանի հունիս ամսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցողների դիմում-հայտերը հաստատության տնօրենը  ԳԹԿ է փոխանցում փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը:

9-րդ դասարանի կենտրոնացված և ավարտական քննություններ հանձնողների դիմում-հայտերը և ցուցակ-հայտերը հաստատության տնօրենը լրացնում և ԳԹԿ է փոխանցում փետրվարի 1-ից մինչև մարտի 10-ը:

Ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գերազանցության մեդալի  հավակնորդներին թույլատրվում է մասնակցել  քննության` համաձայն կրթության և գիտության նախարարության հաստատած անվանացանկի: Քննությունից բացակայած կամ ուշացած մեդալի հավակնորդը զրկվում է մեդալ ստանալու իրավունքից:

Քննություններ և ընթացակարգ

Ավարտական և պետական ավարտական քննությունները սկսվում են ժամը 1000-ին: Սովորողները ուսումնական հաստատություն են ներկայանում  ժամը 900-ին: Կենտրոնացված ավարտական քննությունը սկսվում է ժամը 1100-ին: Սովորողները քննական կենտրոններ են ներկայանում ժամը 1000-ին:
Քննությունների միջև ընկած օրերին դասավանդող ուսուցիչները սովորողների համար քննական առարկաներից կազմակերպում են խորհրդատվություններ:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.

1) «Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ). քննությանը տրվում է 60 րոպե,

2) «Մաթեմատիկա»  առարկայից` գրավոր (թեստ). քննությանը տրվում է 60 րոպե,

3) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար նաև՝ «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր`  քննաշրջանի ընթացքում,

4) Ազգային փոքրամասնությունների դասարաններում նաև՝ «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում,

5) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա»  առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով:

6) Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն 4 տարբերակ) կազմում են հաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է նախարարության կողմից երաշխավորված և հաստատությունում գործածվող  դասագրքերից:

7) Հաստատության տնօրենը հաստատում է առաջադրանքները, կնքում  և ծրարում: Ծրարներից մեկը բացվում է գիտելիքների ստուգման օրը` քննասենյակում,  սովորողների ներկայությամբ։

8) Գրավոր աշխատանքը գնահատվում է 10 միավորային համակարգով:

9) Գիտելիքների ստուգումն իրականացնում են դասավանդող ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը:

10) Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների գիտելիքների ստուգման ժամանակ տրվում է լրացուցիչ 40 րոպե` ապահովելով սովորողի կարիքին համապատասխան պայմաններ:

9-րդ դասարանում ավարտական, կենտրոնացված ավարտական քննական թեստերի առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից, առաջադրանքներն ընտրվում են նախարարության կողմից երաշխավորված և հաստատությունում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից:

9-րդ դասարանի սովորողները հանձնում են ավարտական քննություններ.

1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` գրավոր  (կենտրոնացված, թեստ). քննության տևողությունը` 120 րոպե,

2) «Գրականություն» առարկայից՝  բանավոր,

3) «Հայոց պատմություն» առարկայից՝  բանավոր,

4)«Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ). քննության տևողությունը` 120 րոպե,

5)«Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ գրավոր (թեստ). քննության տևողությունը` 120 րոպե,

6) «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ՝  սովորողի ընտրությամբ)  առարկայից՝  բանավոր,

7)«Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում),

8) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար գիտելիքների ստուգում անցկացվում է նաև «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր (քննաշրջանի ընթացքում),

9) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների  համար անցկացվում է նաև «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների  համար (քննաշրջանի ընթացքում),

10) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա»  առարկայի և «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկաների ավարտական քննությունների թեստերը կազմվում են ռուսերենով։

11) Հատուկ հանրակրթական դպրոցներում սովորող երեխաները «Հայոց լեզու և հայ գրականություն» կենտրոնացված  ավարտական քննությունը հանձնում են իրենց դպրոցներում՝  աշխատակարգի պահանջներին համապատասխան:
Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի կենտրոնացված ավարտական քննությունը կարող են հանձնել իրենց հաստատությունում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողի ընտրության:

12-րդ դասարանում շրջանավարտները հանձնում են պետական ավարտական քննություններ.

1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ) քննության տևողությունը` 120 րոպե,

2) «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ)` քննության տևողությունը` 120 րոպե,

3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ)` քննության տևողությունը` 120 րոպե,

4) «Ֆիզկուլտուրա» առարկայից`  նորմատիվների հանձնում (ստուգարք)՝ մայիսի 27-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,

5) «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում,

6) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից բանավոր` (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)` սովորողի ընտրությամբ՝   դեկտեմբերին  կամ  հունիսին՝  քննաշրջանի  ընթացքում:

7) Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈւՊ):

8) Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր հաստատություն: Հաստատության տնօրենը կամ նրան փոխարինող անձն ի պաշտոնե տվյալ քննական կենտրոնի ղեկավարն է:

9)  Կենտրոնացված ավարտական քննությունը կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն: Քննական կենտրոնների ցանկը, կենտրոնների ղեկավարների, ԳԹԿ ներկայացուցիչների, կազմակերպիչների և առարկայական հանձնաժողովների անդամների ցուցակը հաստատում է ԳԹԿ տնօրենը:

10)  Ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպիչներին, օգնականներին, հերթապահներին նշանակում է քննական կենտրոնի ղեկավարը: Կազմակերպիչները չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս