loader
Հեղափոխության և հակահեղափոխության նշանակումները նույն ոլորտում

Հեղափոխության և հակահեղափոխության նշանակումները նույն ոլորտում

Կրթության և գիտության նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի նոր նախագահի լուսանկարները երեկվանից հանրության շրջանում քննարկումների տեղիք են տվել: Խոսքն այդ պաշտոնը ստանձնած Սմբատ Գոգյանի մասին է: Վերջինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԲՈՀ-ի նախագահ է նշանակվել: Սմբատ Գոգյանը Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ Սակայն, նորանշանակ պաշտոնյային հասարակությունը միանշանակ չընդունեց: Պատճառը, թերևս, սոցիալական ցանցերում նրա հրապարակած անձնական լուսանկարներն են: Երիտասարդի ոչ ստանդարտ լուսանկարներն ավանդապաշտ հասարակության մոտ դժգոհություն ու զայրույթ է առաջացրել:

Ի դեպ, ի պաշտոնե հենց նա է դոկտոր-պրոֆեսորներին կոչումներ տալու: Facebook սոցիալական ցանցում օգտատերերի գրառումների տեղատարափը նրա հասցեին միայն քննադատություններ էր պարունակում: Հակառակ դժգոհություններին՝ Սմբատ Գոգյանի համակիրների քոմենթները գովաբանական են: Համաձայն դրանց՝ Գոգյանը վերջերս է պաշտպանել դոկտորական ատենախոսություն՝ մաթեմատիկական անալիզ մասնագիտությամբ, որը դեռևս գտնվում է ԲՈՀ-ում: Նա որոշել է նաև ձեռնամուխ լինել 4-6 դասարանցիների համար աշխարհի լավագույն օնլայն, բաց, ինտերակտիվ վիդիոների ստեղծմանը` տրամաբանության և մաթեմատիկայի մասին։ Սմբատ Գոգյանը նաև սեփական ծրագրավորման ընկերությունն է ստեղծել:

Այս ամենից շատ չանցած՝ ընդվզման երկրորդ ալիքը բարձրացավ: Փաշինյանի հերթական որոշումը կրկին շատերի սրտով չէր: Վիճահարույց նշանակումը դարձյալ կրթության և գիտության ոլորտից է: Գիտության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում վերանշանակվեց Սամվել Հարությունյանը: Նրա անունը կոռուպցիայի հետ են կապում: Նա տարիներ շարունակ բարձր պաշտոն է զբաղեցրել, քանի որ ինչպես ասում են, մեջք ունի:

Նրան հովանավորում էր Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը՝ ընկերներ են: Նշանակումից ստացվում է, որ նոր կառավարությունը շարժվում է հովանավորչության սկզբունքով: Մինչդեռ նրանց ծրագրի կարմիր թելը հենց կրթության ոլորտն է, որտեղ, ըստ ծրագրի հեղինակների, կոռուպցիան բացառված է լինելու:

Թերևս, հարց է՝ ինչպե՞ս կբացատրի կառավարությունն այս երկու իրարամերժ նշանակումները: Գոգյանի նշանակմամբ ստացվում է, որ կառավարությունը որդեգրել է, իրոք, ոլորտում փոփոխություններ անելու սկզբունքը, սակայն, միանգամայն այլ է երկրորդ նշանակումը: Այս դեպքում կառավարությունը քայլում է նախորդի ուղով: Փաստորեն, մի նշանակումը հեղափոխությունն է կատարել, մյուսը՝ հակահեղափոխությունը:

 Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս